
ԱՄՆ-ի պաշտոնյաները խնդրել են տեղակայել ուկրաինական հակամարտությունում օգտագործվող ռադիոտեղորոշիչ համակարգ՝ հետևելու և հետաքննելու խորհրդավոր անօդաչու թռչող սարքերը, որոնք վերջերս նկատվել են երկրի հյուսիս-արևմուտքում: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նյու Յորքի սենատոր Չակ Շումերը և Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքկուլը խնդրել են ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը տեղակայել Robin ռադիոտեղորոշիչ համակարգը՝ օգնելու քննիչներին պարզել, թե ով է կանգնած կասկածվող անօդաչու թռչող սարքերի հետևում», – ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ներքին անվտանգության դեպարտամենտն արդեն տեղակայել են ինֆրակարմիր տեսախցիկներ և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման տեխնոլոգիա՝ որպեսզի համոզված լինեն, որ կասկածելի անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են Նյու Ջերսիի և Նյու Յորքի տարածքների վրայով, վտանգ չեն ներկայացնում:
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կոչ էր արել խոցել առեղծվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք նկատում են ԱՄՆ-ի բնակիչները։