ԱՅՆՔԱՆ ԵՆ ԾԵԾԵԼ, ՈՐ ՉԻ ԽՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ օրերս տեղի ունեցած ծեծկռտուքի եւ դրան հետեւած վրաերթի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է մեկ քաղաքացի` BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Արիստակեսյանը, որի մեքենան, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 20-ին զորամասի մուտքի մոտ զինվորների եւ քաղաքացիական անձանց վիճաբանությունից հետո վրաերթի է ենթարկել այդ զորամասի ժամկետային զինծառայող Արմեն Սանթոյանին:
Երեկ լուրեր էին շրջանառվում, որ բերման ենթարկվածների թվում կան այլ մարդիկ եւս, սակայն սա պաշտոնապես չէր հաստատվում: Պաշտպանության նախարարությունից ստացած նախնական տեղեկություններով` միջադեպը ծագել է զինվորների մազերը կտրելու պատճառով, երբ սերժանտ Արտակ Փիրուզյանը նորակոչիկներին հանձնարարել է, որ մազերը կտրելուց հետո յուրաքանչյուրը մաքրի հատակը: Նրանցից մեկը` նորակոչիկ Հունան Հարությունյանը, զանգահարել է եղբորը, պատմել հատակը մաքրելու մասին, որից հետո, ըստ պաշտոնական տեղեկատվության, նրա ավագ եղբայրը` Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ Porsche Cayenne եւ BMW մեքենաներով եկել է զորամաս, մոտեցել հսկիչ անցագրային կետին, փորձել ներխուժել զորամասի տարածք, բայց նրանց թույլ չեն տվել: Վիճաբանություն է ծագել զորամասի անձնակազմի եւ այդ երիտասարդների միջեւ, ինչը վերածվել է ծեծկռտուքի: 15 րոպե տեւած ծեծկռտուքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է, ներգրավվել են նաեւ այլ զինվորականներ: Այնուհետեւ քաղաքացիական անձինք մեքենաներով փորձել են դիմել փախուստի` վրաերթի ենթարկելով զինվոր Արմեն Սանթոյանին, ով մարմնական վնասվածքներով եւ ուղեղի ցնցումով այժմ գտնվում է պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում
Ըստ մամուլի հրապարակումների` միջադեպի անմիջական մասնակիցներ են եղել նաեւ «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ազգականները, որոնք Չորրորդ գյուղի` Հաղթանակի  բնակիչներ են: Սմբատ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի մասնակիցներից  մի քանիսն իր համագյուղացիներն են եւ այդ առումով հարազատ մարդիկ, բայց արյունակցական կապ չկա: Երեկ պարոն Այվազյանն այցելել էր նրանցից մեկին` Հարություն Թորոսյանին, որը, նրա խոսքով, այն աստիճանի ծեծված վիճակում է եղել, որ «դեմքն անճանաչելի է դարձել»: Հարցին, թե ինչ պատմեց, ընդդիմադիր գործիչը չպատասխանեց, քանի որ Հարությունն ի վիճակի չի եղել որեւէ բան պատմել:
Իսկ «Մարիաննա»-ի սեփականատեր Տիգրան Վարդանյանը slaq.am-ին ասել է. «Իմ երեխայի դաստիարակության եւ վարքի մասին գիտեն բոլորը, ես չեմ հավատում, որ ինքը կատարվածի մեջ լուրջ մեղավորություն ունի: Իմ 19-ամյա որդին` Ժորան, սովորում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ մինչ օրս անգամ համալսարանում կատարված միջադեպերին որեւէ առնչություն չի ունեցել: Իրականում իմ տղան այս ամենի հետ կապ ունի այնքանով, որ իր ընկերների հետ գնացել է Լուսակերտ»:
Դեպքի մանրամասներին առանձնապես չտիրապետող Սմբատ Այվազյանին ամեն դեպքում կասկածելի է թվում «Մի կաթիլ մեղր» հիշեցնող այս պատմությանը հաջորդած մեծ  հնչեղությունը: Ըստ նրա` առիթն օգտագործվում է հասարակության ուշադրությունը բանակում տիրող իրավիճակից շեղելու համար:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս