Երևանի քաղաքապետարանը ամանորյա եռուզեռի և նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Տարբեր վարչական շրջաններ արդեն իսկ պատրաստվում են ամանորյա տոնական միջոցառումներին՝ դրանց հետ մեկտեղ ապահովելով տարբերվող և յուրօրինակ զարդարանքներով։
Հենց նման նախաձեռնության շրջանակում էլ Նոր Նորք վարչական շրջանի ամանորյա ծառայությունների ձեռքբերումների համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 9 մլն դրամ։
Քաղաքապետարանը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի «Ամանորյա տոնական ձևավորում» միջոցառման ծառայությունը ձեռք է բերել «ԼԵԴ ՕՆ» ՍՊԸ-ից։ Այս պայմանագիրը պետական գնումներում միակն է «ԼԵԴ ՕՆ» ՍՊԸ-ի հետ։
Պայմանագրի շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել տոնական ձևավորում՝
Վարչական շենքի առկա դիմային լուսավորության ստուգում, թերությունների հայտնաբերում և վերականգնում, շենքի տանիքի կենտրոնական հատվածում տեղադրել մետաղյա կարկասով թվեր՝ 4 հատ 1,5 մետր բարձրությամբ։
Անհրաժեշտ է ապահովել Գայի արձանի տարածքի լուսավորությունը, որի համար անհրաժեշտ է 120-130 մետաղյա ձյան փաթիլներ՝ ըդգծված երկկողմ լեդ լույսերով։
Անհրաժեշտ է Գայի պողոտայում տեղադրել 1 հատ սահնակով եղնիկ։ Վարչական շրջանի կողմից տրամադրել մետաղյա գունդ։
Միկոյան-Գալշոյան փողոցների օղակաձև տարածքում տեղադրել տոնածառ՝ ձևավորված լեդ լույսերով։ Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյան խաչմերուկը ձևավորել և տեղադրել տոնական դեկորներ։
Վարչական շրջանի կողմից տրամադրված 11 հատ եղևնիների վերանորոգում և տեղադրում։ Դավիթ Բեկ փողոցի երկայնքով ծառերը խիտ լուսավորել, 100-110 ծառ՝ ձևավորել լեդ լույսերով։
Նախատեսվում է՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածի արծվի հուշարձանի տարածքի ձևավորումը։ 3-րդ և 4-րդ զանգվածների միջակայքում գտնվող տարածքն անհրաժեշտ է ձևավորել։ 4-րդ և 5-րդ զանգվածները կապող կամուրջը երկու կողմից լույսերով ձևավորել։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ 7 մլն ծախսվել էր Էրեբունի վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար, 15 մլն՝ Արաբկիրի վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար, 8 մլն դրամ՝ Շենգավիթի ամանորյա զարդարանքների համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան