ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում։ Այս մասին «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսին նշեց Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը։
«Այսինքն՝ նրանց հետ չափահասի կողմից ցանկացած սեռական գործողություն դիտվում է որպես անթույլատրելի և որքան էլ մինչև 16 տարեկան երեխան համաձայնություն է հայտնում, այդ համաձայնությունը չի կարող ընկալվել որպես որևիցե պատասխանատվությունից ազատելու հիմք։
Օրինակ, դեպքերից մեկով 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել և նշել, որ երբ մամայի ընկերները, որոնց հետ նա միշտ խմում էր, և իրենք ապրում էին մեկ վագոն տնակում, այսինքն՝ ամեն ինչը երեխան տեսնում էր, և այդ ընկերներից մեկը հարաբերություն էր ունենում մամայի հետ, ասում է՝ այդ անձի ընկերը նայեց ինձ, ասաց՝ դե դու էլ հանվիր, պառկիր այս մահճակալին: Ասում է՝ ես նայեցի մամային, մաման ոչ մի բան չասեց, ոչ մի վատ բան դրա մեջ չտեսա, հանվեցի և ես էլ պառկեցի:
Նայեք, երեխան այստեղ չի էլ գիտակցել, որ պետք է դիմադրություն ցույց տա, երեխան ընդամենն իր ծնողին նայելով և չստանալով նրանից որևիցե պաշտպանություն կամ աջակցություն՝ տվյալ պարագայում չի էլ դիտարկում, որ ինքը կարող էր չհամաձայնել, կամ կարող էր դիմադրել: Բայց միայն այն փաստը, որ այդ տղամարդը գիտակցում էր, որ 13 տարեկան երեխայի հետ է ունենում սեռական հարաբերություն, դա արդեն հանցագործություն է և որևիցե պարագայում նա չպետք է ազատվի պատասխանատվությունից»,- հայտարարեց Թումասյանը: