Այս մարդիկ գոնե մի պահ դադար տան, դատարանի վճռից հետո նոր նախագիծ են բերել՝ 2025թ-ի համար տուրքերը կրկին կլինեն 160 հազար դրամ․ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու որոշումը, որով սահմանվել էին Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու նոր դրույքաչափեր։ Քաղաքային իշխանությունները Երևանի կենտրոնում կայանելը 13 անգամ թանկացրել էին՝ 12 հազարի փոխարեն դարձնելով 160 հազար դրամ։

Երևանի ավագանու դեմ հայցը ներկայացրել էր ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը։

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ «Մայր Հայաստանը»-ը հաղթել է կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական վեճը, իսկ քաղաքային իշխանությունը պարտվել է։

Դատարանի որոշմամբ 160.000 դրամի թանկացումը չեղյալ է հայտարարվել։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել էին, որ մեկամսյա ժամկետում դատարանի որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։

ArmLur.am-ի հետ զրույցում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նշում է՝ դատարանների վրա ճնշումներ են գործադրելու՝ իրենց նպատակին հասնելու համար։

«Քանի որ քաղաքապետարանում թևածում է տգիտությունը, մենք 1 տարի բացատրում էինք, որ նման բան անելու իրավունք չունեն, հիմա էլ կսկսեն դատարանների վրա ճնշումներ գործադրել ու վստահ եմ՝ կդիմեն վերաքննիչ դատարան։ Դատարանը նաև որոշել է, որ վարորդների կողմից արդեն վճարված գումարները ենթակա չեն վերադարձի, ինձ իրավունք չեմ վերապահի մեկնաբանել դատարանի որոշումը, բայց իմ տրամաբանությունը հետևյալն է, որ դատարանը ոսկե միջինն է ընտրել»,-ասում է ավագանու անդամը։

Մեսրոպ Մանուկյանը նաև նշեց, որ դատարանի վճռից ժամեր անց ավագանին նոր նախագիծ է ներկայացրել, որով 2025թ-ի համար կայանման նույն դրույքաչափերն են սահմանել։

«Առաջին ատյանի դատարանը հակառակ վճիռ է կայացրել, առնվազն մտածելու տեղիք տալիս է, չէ՞, որ իրենք սխալ են, բայց այս մարդիկ գոնե մի պահ դադար տան, իրենք նաև 2025թ-ի համար են բերել տուրքերը՝ կրկին 160 հազար դրամ՝ նույն հիմնավորմամբ»։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս