Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Բրիտանացի դիվանագետի հետ հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին՝ մտահոգություն հայտնելով Միացյալ Թագավորության կողմից վրաց պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման առնչությամբ։ Մակա Բոճորիշվիլին պարզաբանել է, որ նման գործողությունները վնասում են երկու երկրների միջև առկա բարեկամությանը։
Բացի այդ, Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հատկապես կարևոր է Վրաստանում ընթացող իրադարձությունների օբյեկտիվ և անաչառ գնահատականը։
Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 19-ին պատժամիջոցներ է սահմանել Վախթանգ Գոմելաուրիի, նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի, Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանական գերատեսչության պետ Սուլխան Թամազաշվիլիի, Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների գերատեսչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի և նրա տեղակալ Միլերի Լագազաուրի դեմ:
Ձեռնարկված միջոցների հիմնավորման մեջ նշված է, որ Վրաստանի ուժային գերատեսչությունների ղեկավարությունը «պատասխանատվություն է կրում այն գործողությունների համար, որոնք հավասարազոր են մարդու իրավունքների խախտման»։ Ըստ Բրիտանիայի՝ Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում երկրի ՆԳՆ-ն արտոնել է «ոստիկանության կողմից բռնության անհամաչափ կիրառում ցուցարարների դեմ», իսկ վրացի ոստիկանները հարձակվել են ընդդիմության առաջնորդների և լրագրողների վրա: