Հայաստանի քիչ, թե շատ հայտնի քաղաքականացված օլիգարխների հիմնական մասն այս օրերին Դուբայում է` Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, երկու Կարեն Կարապետյանները (կմիանան շուտով): Նոյեմբերի 25-ին ընտանյոք Դուբայում կլինի նաեւ Գագիկ Ծառուկյանը` իր ծննդյան 55-րդ տարեդարձը նշելու համար:
Ուշագրավ է, որ ներկայումս Դուբայում հավաքված բոլոր վերը նշված անձանց, բացառությամբ Սամվել Ալեքսանյանի (միգուցե այնտեղ է` հետեւելով բոլորի հետ լավ լինելու սկզբունքին), կարող է միավորել նեղացածությունը Սերժ Սարգսյանից եւ հատկապես իր փեսա Միքայել Մինասյանից, ում հետեւողական ջանքերի շնորհիվ նրանք բոլորը հայտնվել են գործազուրկի կամ խաղից դուրս կարգավիճակում: ՀՀԿ-ում եւ պետական կառավարման ապարատում տիրող նման տրամադրությունների մասին, կարծում ենք, շատ լավ տեղեկացված են նաեւ Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատում, եւ շատերը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից Միքայել Մինասյանի ազատումը պայմանավորում են մթնոլորտը լիցքաթափելու մղումով: Ոմանք ավելի հեռուն գնացող ենթադրություններ էլ են անում, թե` միգուցե իրո՞ք Սերժ Սարգսյանը բարկացած է փեսայի վրա` ներքաղաքական ինտրիգների արդյունքում ընտրությունների ժամանակ իրեն այդքան պետքական վարչական եւ ֆինանսական ռեսուրսից զրկելու համար:
Այնպես որ, չի բացառվում, որ օլիգարխները, տարաշխարհիկ հաճույքներ վայելելուց բացի, Դուբայում քննարկեն նաեւ ներքաղաքական խնդիրներ` գաղտնալսման հեռանկարից խուսափելու համար:
Առհասարակ, դեռ 2010 թվականից Դուբայը դարձել է հայաստանյան ներքաղաքական քննարկումների թատերաբեմ. 2011 թվականի կոալիցիոն հուշագրի փետրվարյան հայտնի ստորագրումից առաջ էլ օլիգարխները գրեթե նույն կազմով Դուբայում էին հավաքվել: Եւ այն ժամանակ ակնհայտ էր, որ կոալիցիոն հուշագրի վերահաստատումը քննարկվել կամ միգուցե նաեւ ընդունվել էր հենց ծովափնյա հանգստավայրում:
Տուրք չտալով հանդերձ դավադրությունների տեսությանը` որոշ քաղաքական գործիչների հարց ուղղեցինք. «Հնարավո՞ր է, որ Դուբայում օլիգարխների այս հավաքն ինչ-որ կերպ ՀՀ ներքաղաքական դաշտի հետագա վերադասավորումների առիթ դառնա»:
Մասնագիտությամբ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հարցին պատասխանեց վերապահումով եւ նախապայմանով` «եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը»: Այդ դեպքում պատգամավորը կարող է ենթադրել, որ եթե բոլորով հավաքվել են, ապա «հաստատ չեն գնացել Ամանոր նշելու»: Հետեւաբար կարծում է, որ այնտեղ են քաղաքական խնդիրներ քննարկելու համար: «Ժողովուրդ»-ի հիշեցմանը, որ սա այն կազմն է, որը պետք է որ նեղացած լինի Սերժ Սարգսյանից, Ստեփան Սաֆարյանը հակադարձեց. «Նրանք բոլորը շնորհակալություն են հայտնել Ս.Սարգսյանին, գնահատել նրա ներդրումն իրենց վստահելու առումով, եւ չեմ կարծում, որ քայլ կանեն Սարգսյանի դեմ` գիտակցելով դրա բոլոր հետեւանքները»:
ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատականը եւս նույնն է. հազիվ թե հավաքը ռեւանշիստական նկրտումներով լինի, որովհետեւ հայաստանյան պրակտիկան ցույց է տվել, որ հենց առաջին ոստիկանը հարկային տեսուչի հետ գնում է քաղաքապետարան կամ թաղապետարան, ամեն ինչ վերջանում է: Եւ դասական առումով Արամ Կարապետյանը գրեթե չի հիշում չինովնիկների հեղափոխություն: «Իմ տպավորությամբ ավելի շատ նկատառումներն այն մասին են, թե ապագայում ինչ է լինելու, ավելի շատ մտքերի փոխանակում, անալիզ»: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանից նեղացածության գործոնին, ապա Արամ Կարապետյանը լսել է, որ նրանից նեղացած են գրեթե բոլորը: Անգամ Սերժ Սարգսյանին խնդրել են նրան հեռացնել իրենից, «որովհետեւ բոլորն իրար հետ կռվում են»: Սա ճիշտ է, թե ոչ` չգիտի, բայց տպավորություն ունի, որ Միքայել Մինասյանը չի կարող անել այն ամենը, ինչի մասին խոսվում է. «Որովհետեւ նա Ռոբեսպիերը չէ, որ հեղափոխությունից հետո աբսոլյուտ իշխանություն ունենա»: Արամ Կարապետյանի ամփոփմամբ` ավելի շատ պետք է խոսել ոչ թե Միքայել Մինասյանի, այլ Սերժ Սարգսյանի մասին, քանի որ «գրիչն իր ձեռքն է»: Չնայած ՆԺԿ ղեկավարը տպավորություն ունի, որ Սերժ Սարգսյանն է աշխատում Միքայել Մինասյանի մոտ:
Հ.Գ. ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը, ում նույնպես ուղղել էինք այս հարցը, պատասխանեց, որ իրեն ո՛չ օլիգարխներն են հետաքրքրում, ո՛չ էլ նրանց հավաքները` «ուզում են հանդիպեն, ուզում են չհանդիպեն»: Պարոն Խաչատրյանն իր խոսքն ամփոփեց «3+2» ֆիլմի հերոսի հայտնի խոսքով` «ժենիտես, ռազվոդիտես, տոպիտես, մորե րյադոմ»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞ՆՆ Է ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՄՈՏ ԱՇԽԱՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ