ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործով նրա նախկին կինը չի հարցաքննվել եւ չի հարցաքննվի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել է Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշե Պետրոսյանը. «Բնականաբար, չենք կարող հարցաքննել, որովհետեւ նա ո՛չ մեր քաղաքացին է, ո՛չ էլ Հայաստանում է գտնվել: Մենք որեւէ հնարավորություն էլ չունենք նրան հարցաքննելու»: Հիշեցնենք, որ 31-ամյա Արմեն Պետրոսյանն ամուսնացած է եղել ռուս աղջկա հետ, սակայն ամուսնալուծվել է եւ ունի մեկ դուստր: Ամուսնալուծությունից հետո դուստրը մնացել է Պետրոսյանի մոտ: Նրա մահից հետո մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, Ա.Պետրոսյանի նախկին կինը, հնարավոր է, առնչություն ունենա գործարարի «ինքնասպանության» հետ:

ԽԻ՞ՂՃՆ ԷՐ ՏԱՆՋԵԼ
Օգոստոսի 16-ին հաշվեցուցակային զենքով ինքնասպանություն գործած Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության դատախազ 37-ամյա Արամ Գրիգորյանը, ըստ հավաստի տեղեկությունների, մի շարք ապօրինություններ է իրականացրել: Նա հանցագործություններ կատարած զինվորականների ծնողներից գումարներ է շորթել հանցագործությունները կոծկելու համար, սակայն պարզվում է` այդ գործերին անգամ ծանոթ չի եղել, ու որեւէ խոստում կյանքի չի կոչվել: Գրիգորյանը Կենտրոնի դատախազությունում աշխատանքի էր անցել 2011-ի հուլիսին: Մինչ այդ նա եղել էր զինվորական դատախազ:

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՈՎ
Նոյեմբերի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակությանը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ: Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամագրվելու գործընթացի սկզբնավորման առիթով` ընդգծելով, որ քրիստոնեական հավատի եւ բարոյականության վրա խարսխված մեր ու եվրոպական արժեքների նույնությունն ավելի դյուրին պիտի դարձնի Հայաստանի կուսակցությունների եւ ԵԺԿ-ի միջեւ նախանշվող համագործակցության իրականացումը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ԱՄՆ-ին հիշեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու իրավունքի մասին: Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, Մեդվեդեւը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից, ապա Ռուսաստանը դուրս կգա ՌՀՍ պայմանագրից ու կհրաժարվի զինաթափման գործընթացից:

ՍՊԱՆԵԼ ԵՆ
Սանկտ-Պետերբուրգում անհայտ անձը կամ անձինք սպանել են Դավիթ Տերտերյանին, ով քրեական աշխարհում հայտնի է Սուխումցի Դավիթ մականունով: Տերտերյանի վրա հարձակումն իրականացվել է փողոցում, երբ նա  գտնվել է ավտոմեքենայում: Armlur.am-ի տեղեկացմամբ` 48-ամյա Դավիթ Տերտերյանը զբաղվում էր ռեստորանային եւ կահույքագործական բիզնեսով: Նախկինում 2 անգամ դատապարտված քրեական հեղինակությունը ժամանակին անդամակցել է Սանկտ-Պետերբուրգի հայերից եւ դաղստանցիներից բաղկացած հայտնի հանցախմբերից մեկին, որը գլխավորում էր Միշա Ազատյանը:

ՏՈՆԱԾԱՌ
Չնայած դեռ նոյեմբեր ամիսն է, սակայն Երեւանի Հանրապետության հրապարակում երեկ  սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը: Թե որն է քաղաքային իշխանությունների նման տարօրինակ շտապողականության պատճառը, դժվար է հասկանալ: 31 մետր բարձրություն ունեցող տոնածառի լուսային ձեւավորումն իրականացվել էր 2 տարի առաջ` քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք: Ըստ ամենայնի, այն այս տարի էլ անփոփոխ կլինի:




Լրահոս