Հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե բոլոր օլիգարխներն ախրանայով՝ անվտանգության աշխատակիցներով են շրջում, ինքը դրան վերջ է տալու։
Անցան տարիներ ու խոստումներ տված Փաշինյանի խոսքերը մոռացվեցին հենց իր կողմից։
Այն փաստը, որ Փաշինյանը վախենում է անգամ հարազատ հորաքրոջն այցելել, չի կարող հերքվել։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու հայտնի դեպքից հետո, այդ նույն բակում իրավիճակ է փոխվել, դեպքից 3-4 ամիս անց դեպքի վայրում՝ Ռուբինյանց 2/2 հասցեում խաղահրապարակ է կառուցվել։
Դեկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հպարտացավ, թե Երեւանի Ռուբինյանց 2/2 հասցեի հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն #ինչպեսխոստացելէի։
Սա արվել է ոչ թե որովհետև խոստացված էր, այլ իր համար այդպես ավելի անվտանգ կլինի, քանի որ Փաշինյանը հաճախ է այցելում հորաքրոջը, նրա հետ բավական մտերիմ է։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության գինն արժե մեկ խաղահրապարակի չափ և այսուհետ Փաշինյանի գալ-գնալու անվտանգության երաշխավորը խաղահրապարակն է լինելու։
Հիշեցնենք, թե ինչպես էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ 2024 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:
Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, իրենց կամքին հակառակ, տեղափոխել էին ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել մինչեւ առավոտյան 07։00-ն։ Ալբերտ պապիկի բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկվել էր խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Արդյունքում, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու «պատճառով» Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։
Մանրամասները՝ տեսանյութում։