ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Սթիվեն Ֆայնբերգին առաջադրում է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում: Այս մասին նա դեկտեմբերի 22-ին հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Ֆայնբերգը Cerberus Capital Management LP մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրներից և տնօրեններից մեկն է։ Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ այդ ընկերությունը ներդրումներ է կատարում նաև պաշտպանական հատվածի կապալառու ընկերություններում:
Թրամփը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում (2017-2021 թթ.) ձեռնարկատերը հետախուզության հարցերով խորհրդատվական խորհրդի կազմում էր:
Պենտագոնի հավանական ապագա ղեկավարը մարտական գործողությունների վետերան և Fox News հեռուստաալիքի հաղորդավար Փիթ Հեգսեթն է: Նրա նշանակումը, սակայն, հարցականի տակ է մնում նրա դեմ բռնաբարության մեջ մեղադրանքների պատճառով, որը, ինչպես պնդում է ենթադրյալ տուժածը, պատահել է 2017 թ. սեպտեմբերին: Հեգսեթը չի ընդունում մեղադրանքը: