Երեւանի Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցում թեժ կրքեր են` կիզակետում դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանն է, ռուսաց լեզվի ուսուցչուհի Նաիրա Կարպիսովնան եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Սողոմոնյանը: Վեճի պատճառները տարաբնույթ են` անձնականից մինչեւ մասնագիտական, ինչի հետեւանքով տնօրենն աշխատանքից հեռացրել է ռուսերենի ուսուցչուհուն: Դպրոցում տիրող իրավիճակի մասին տեղյակ են գրեթե բոլոր գերատեսչությունները` ԿԳ նախարարից մինչեւ ՀՀԿ տարածքային գրասենյակ:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ռուսերենի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները պատմեցին իրենց հետ կատարվածի մասին: Վերջիններիս խոսքերով` իրենց նորանշանակ տնօրեն Երիցյանը շատ կոպիտ է խոսում դպրոցի ուսուցիչների հետ, իսկ իրենց համբերության «բաժակն» էլ արդեն լցվել է: «Անընդհատ ասում է` կարգադրում եմ, նկատողություն կստանաք ու կազատվեք աշխատանքից, դպրոցի անձնակազմի մոտ գոռում է` դո՛ւրս արի սենյակից եւ այլն: Մենք հիմա չենք կարող ապացուցել, որովհետեւ բոլորն էլ իր կողմնակիցներն են, որոնք նենգափոխում են խոսակցությունները»,-պատմեցին ուսուցիչները:
Մեր զրուցակիցների խոսքերով` տնօրենը նախկինում տվյալ դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է աշխատել եւ այժմ թշնամացել է Կարպիսովնայի հետ այն պատճառով, որ վերջինս այսօր տվյալ դպրոցում ռուսերեն է դասավանդում: «Միշտ ասում էր` իմ դասաժամերն են քեզ տվել, իմ դասաժամերն են…»,-ասաց Կարպիսովնան` հավելելով, որ նշանակումից ի վեր Երիցյանը սկսել է արհամարհական տոնով խոսել իր հետ եւ ամեն անգամ սպառնացել, որ կհեռացնի աշխատանքից: Երիցյանն իր «թիմի» հետ գնացել է ռուսերենի դասալսման եւ հայտարարել, որ Կարպիսովնայի դասը համարում է տապալված:
Տնօրենը ռուսերենի ուսուցչուհուն նկատողություն է տվել այն բանի համար, իբր նա բոլորի ներկայությամբ վիրավորել է իրեն, սակայն Կարպիսովնան այդ նկատողությունը համարում է ուղղակի խաբեություն. «Ինքը քաղաքապետարանի կրթության վարչության պետի` Գայանե Սողոմոնյանի բարեկամուհին է, իսկ Սողոմոնյանն էլ փոխտնօրեն է նշանակել Համասփյուռ Մարգարյանին, որը Երիցյանի յուրաքանչյուր բառը հաստատում է»:
Ֆիզկուլտուրայի եւ ռուսաց լեզվի ուսուցիչները նշեցին, որ այն օրվանից, ինչ իրենք որոշել են իրենց կյանքը միմյանց հետ կապել, բոլորը սկսել են հետեւել եւ իրենց անձնական կյանքով զբաղվել: Պարզվում է` ամբողջ դպրոցի` աշակերտներից սկսած մինչեւ ծնողներ, քննարկման առարկան է դարձել նրանց անձնական կյանքը:
Տեղեկացանք, որ այդ պատմության մասին տեղյակ են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու փոխնախարարը, ՀՀ կրթության տեսչության վարչությունը, ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի տարածքային գրասենյակը: Ինչպես նաեւ այդպիսի օր չկա, որ նախարարության թեժ գիծն այդ դպրոցի վերաբերյալ ահազանգ չստանա: Մի խոսքով, իսկական «պատերազմ»` առանց կանոնների:
«Ժողովուրդ»-ը փորձեց դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանից պարզել, թե ինչ է կատարվում դպրոցի պատերի ներսում, երբ ուսուցիչների միակ խնդիրը պետք է լինի աշակերտներին կրթելը եւ ոչ թե, ասենք, քննարկելը, թե ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ է:
Մենք երեկ այցելեցինք Շիրվանզադեի անվան դպրոց, որտեղ, պարզվեց, առավոտ կանուխ տնօրենի մոտ քննարկում է ընթանում` հենց այդ խնդրի հետ կապված: Ի դեպ, նոյեմբերի 18-ին տնօրենի հրամանով Նաիրա Կարպիսովնան հեռացվել է աշխատանքից: Քննարկմանը ներկա էին դպրոցի ծնողներից մոտ 20 հոգի, ռուսերենի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները, դպրոցի տնօրենն ու ՀՀ կրթության պետական տեսչության աշխատակիցները, որոնք եւս բողոք էին ստացել նույն դպրոցից:
Քննարկումը տեւեց 4-5 ժամ, որի ընթացքում ծնողները մեղադրում էին ռուսերենի ուսուցչուհուն ոչ նորմալ դասավանդելու, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին` աշակերտներին ցածր գնահատելու համար: Երբեմն կրքերը թեժանում էին, ծնողները շեղվում էին թեմայից` անցում կատարելով ուսուցիչների անձնական կյանքին: Յուրաքանչուրը ներկայացնում էր իր տեսակետը, իսկ տեսչության աշխատակիցները համբերությամբ լսում եւ արձանագրում էին: Երբեմն ծնողները տեղի-անտեղի փորձում էին իրենց երեխաների միջոցով սեփական խոսքերն ապացուցել, իսկ տեսչության աշխատակիցներից Արմեն Գեւորգյանը միջամտում էր, որ պետք չէ երեխաներին նման կենցաղային հարցերին խառնել: ՀՀ կրթության պետական տեսչությունը եւ ԿԳ նախարարը որոշել են ուսումնասիրել բոլոր փաստերը, ապա նոր քայլեր ձեռնարկել դպրոցում մթնոլորտը հանդարտեցնելու համար:
«Ժողովուրդ»-ի հետ խոսեց նաեւ դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանը: Վերջինս այլ պատմություն ներկայացրեց եւ ժխտեց այն ամենը, ինչ մեզ պատմել էին ռուսաց լեզվի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները: Իսկ Արմեն Գեւորգյանը վստահեցրեց, որ իրենք կուսումնասիրեն փաստերը եւ հետագայում կտեղեկացնեն, թե ինչ որոշում են կայացրել: Նշենք նաեւ, որ Նաիրա Կարպիսովնան որոշել է դպրոցի տնօրենին դատի տալ` իրեն աշխատանքից անհիմն ազատելու համար:
ԹԻՎ 21 ԴՊՐՈՑՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ