«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ապրես Անդրանիկի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը, երկու դեպքում տարեկան հայտարարագրերում ներկայացրել է կեղծ տվյալներ եւ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները։ Ի դեպ՝ նախկին դատախազի շուրջ ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել, ու այս նոր մեղադրանքը խիստ կասկածների տեղիք է տալիս։
«Ժողովուրդ» օրաթերթը ձեզ է ներկայացնում Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանը՝ նախկին դատախազի վերաբերյալ դատարան ուղարկված գործի առնչությամբ:
«Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին հաստատել է հայտարարատու պաշտոնատար անձի՝ նախկին դատախազի, վերաբերյալ մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ հայտարարատու պաշտոնատար անձը, զբաղեցնելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը, երկու դեպքով տարեկան հայտարարագրերում ներկայացրել է կեղծ տվյալներ եւ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ: Բացի այդ, թիվ ՎԴ/6209/05/23 վարչական գործով դատարան է ներկայացրել կեղծ ապացույց:
Մասնավորապես՝ կարգապահական տույժի արդյունքում աշխատանքից ազատված նախկին պաշտոնատար անձը, իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտերը կասեցնելու մասին միջնորդությունը Վարչական դատարանի կողմից մերժվելուց հետո, դրանք բեկանելու հիմքեր ստեղծելու նպատակով, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից ձեռք է բերել կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր Մրգաշատ բնակավայրի համապատասխան հասցեում իր հետ համատեղ բնակվում են հայրը, մայրը, քույրը, որ ընտանիքում հիմնական աշխատանք միայն ինքն ունի եւ միայն ինքն է հոգում ընտանիքի հոգսն այն դեպքում, երբ նրա կինը, քույրն ու հայրն աշխատել են եւ ստացել կայուն եկամուտ:
2023 թվականի օգոստոսի 28-ին Վերաքննիչ վարչական դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքում նախկին դատախազը կցել է վերոնշյալ՝ կեղծ ապացույց հանդիսացող տեղեկանքը:
2023 թվականի հոկտեմբերի 11-ին Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է նախկին դատախազի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտի դեմ նախկին դատախազի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2024 թվականի մայիսի 24-ին բավարարել է բողոքը, հիմք ընդունելով կեղծ ապացույց հանդիսացող տեղեկանքը՝ վերացրել է Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը:
Դատախազը 2024 թվականի հուլիսի 20-ին նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), գործող 444-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը) եւ 479-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ ապացույցներ ներկայացնելը)»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրեց, դատարանում հաղթել է Աննա Վարդապետյանին:
Այս տարվա՝ 2024 թվականի մայիսի 24-ինմ Վճռաբեկ դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 11.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, եւ կայացվի նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.08.2023 թվականի որոշումը եւ Ապրես Գրիգորյանի միջնորդությունը բավարարել՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման եւ 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»:
Այսպիսով՝ գլխավոր դատախազը ստիպված է կատարել դատարանի վճիռը եւ գաղտնալսված դատախազին հետ ընդունել աշխատանքի:
Շարունակությունը՝ ArmLur.am լրատվական կայքում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԿԱԼԱՆՔԸ 2 ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ է
Գյումրիու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրա կալանքը երկարացնելու մասով, երկարաձգել է եւս 2 ամսով։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Բալասանյանների հարազատները այս հանգամանքը խիստ ծանր են տարել ու խիստ վրդովվել են, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում է եւ, առողջական վիճակով պայմանավորված, չի կարողանում գալ հասնել իր որդուն, իսկ ահա որդուն էլ պահում են կալանքի տակ՝ թույլ չտալով հասնել առողջական խնդիրներ ունեցող հորը։
Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդանավակայանում՝ ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։
Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիու Սեւ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձինք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հողատարածքն ապօրինի օտարելու համար։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ