Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ: Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը դեկտեմբերի 11-ին մանդատը վայր դրեց՝ Շիրակի մարզպետ դառնալու համար։ Դավիթ Առուշանյանը փոխարինելու է Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։
Առուշանյանն առանձնապես հետաքրքիր կենսագրություն չունի.
2004-2006 թվականներին եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն, ապա 2006-2021 թվականներին՝ տնօրեն: 2021-2022 թվականներին Առուշանյանը դարձավ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ:
Նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Դավիթ Առուշանյանը 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Այսպիսով, ինչ ունեցված ունի Շիրակի մարզի ապագա մարզպետը.
Դավիթ Առուշանյանի՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ արդեն նախկին պատգամավորը ունի 2 բնակարան բազմաբնակարան շենքում եւ մեկ ավտոկայանատեղի։ Բնակարանները համապատասխանաբար գտնվում են Երեւանի Կենտրոն եւ Դավթաշեն վարչական շրջաններում, իսկ ավտոկայանատեղին՝ Կենտրոն վարչական շրջանում։
Առուշանյանի հայտարարագրի համաձայն՝ նա 90 օրից ավելի շահագործում է բնակարան Շիրակի մարզի Գյումրի համայնքում, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։
Տվյալ տարվա առկա տրանսպորտի միջոցները եղել են 2-ը՝ 2018 թվականին ձեռք բերված NISSAN մակնիշի մեքենան եւ 2016 թվականին ձեռք բերված RANGE ROVER մակնիշի մեքենան։
Դավիթ Առուշանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ եւ 500 հազար դրամ, ընդհանուր՝ 2 մլն դրամ։ 2022 թվականին, որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Առուշանյանի կանխիկ դրամական միջոցներն ավելացել են գրեթե 900 հազար դրամով։
Շիրակի մարզի ապագա մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար ԱՄՆ դոլար, 12 մլն դրամ եւ 18 հազար եվրո։ Կանխիկ դրամական միջոցները 2022 թվականի համեմատ չնչին չափով նվազել են։
Որպես պատգամավոր՝ Առուշանյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 702 հազար դրամ, որն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից։ Որպես Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ՝ Դավիթ Առուշանյանը եկամուտ չի հայտարարագրել։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 517 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ Դավիթ Առուշանյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 59 հազար ԱՄՆ դոլար։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ Է ԱՐԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը դեկտեմբերի 4-ին որոշել է. «հաշվի առնելով մայիսյան հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման եւ Աղստեւ գետի խնդրահարույց հատվածների մաքրման աշխատանքների հրատապությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին գետի հոսանքների կարգավորման եւ ջրհեղեղների վերահսկման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապ մեկ անձի ընթացակարգով»)։ Ջրհեղեղը եղել է մայիսի 27-ին, անցել է գրեթե վեցուկես ամիս, այդ ընթացքում Տավուշի մարզպետը ինչո՞ւ ջրհեղեղի հետեւանքների վերացման, Աղստեւի մաքրման աշխատանքների մրցույթ չի անցկացրել, այլ որոշել է այդ աշխատանքների ձեռքբերումն իրականացել մայիսի 27-ի ջրհեղեղեղից վեցուկես ամիս հետո՝ դեկտեմբերի 4-ին, «հրատապ կարգով»), մեկ անձից։
ՆՈՐՈԳՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ Տավուշի մարզպետի կողմից ստեղծված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման հանձնաժողովը մարզում քանի՞ սուբվենցիոն ծրագիր է մշտադիտարկել, դրանցից քանիսո՞ւմ են խախտվել իրականացման ժամկետները, որո՞նք են այդ ծրագրերը։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկվում են, ինչպես մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, այնպես էլ ՏԿԵՆ-ի համապատասխան մասնագետների կողմից: 2024 թվականին մշտադիտարկման են ենթարկվել ինչպես 2024 թվականի, այնպես էլ նախորդ տարիներին հաստատված եւ 2024 թվական տեղափոխված ծրագրերը: Մշտադիտարկման թիվը գերազանցում է 250-ը, ծրագրերից մեկում առկա է ժամկետի ուշացում (Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգում), որի համար ձեռնարկվել են միջոցներ 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար»:
ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԱՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողային հաշվեկշռի,110 665,6 հեկտար են, որից վարելահող՝ 25485,3 հեկտար, բազմամյա տնկարկներ՝ 1981,8 հեկտար, այդ թվում խաղողի այգիներ՝ 1195,3 հեկտար,պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63006 հեկտար, այլ հողատարածքներ՝ 10791,8 հեկտար։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ Տավուշի մարզի համայնքներում առկա են հետեւյալ քանակի ինտենսիվ այգիներ՝ Բերդ – 17.87 հա, Իջեւան – 96 հա, Նոյեմբերյան – 166 հա, Դիլիջան – 1 հա: Մարզի համայնքներում ոռոգման կաթիլային համակարգի տվյալներն են են՝ Բերդ – 27.1 հա, Իջեւան – 131.7 հա, Նոյեմբերյան – 155.45 հա, Դիլիջան- 0.07 հա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ