«ԿՈՆՎԵՐՍ» ԲԱՆԿԸ ԵՎ IFC-Ն ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնվերս» բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը: Համագործակցության շրջանակում IFC-ն «Կոնվերս» բանկին կտրամադրի երաշխիք՝ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆելի վերադարձելիության ռիսկը 50%-ով չեզոքացնելու համար:

 

«Կոնվերս» բանկն առաջին ֆինանսական կառույցներից մեկն է Հայաստանում, ում հետ IFC-ին համագործակցում է ՀՀ-ում ֆինանսական այս գործիքը ներդնելու հարցում:

Փոքր եւ միջին ձեռնարկությունները տնտեսական աճի, նորարարության եւ զբաղվածության հիմնական շարժիչ ուժերն են Հայաստանում եւ ապահովում են աշխատատեղերի գերակշռող մասը: Սակայն նրանք բախվում են 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պակասի հետ, այդ թվում պայմանավորված այնպիսի մարտահրավերներով, ինչպիսիք են գրավի եւ ֆինանսական սահմանափակ հնարավորությունները:

«Մենք մեկնարկում ենք համագործակցություն «Կոնվերս» բանկի հետ՝ լրացնելու համար Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման պակասը։ Այս համագործակցությունը հանդիսանում է ռիսկերի փոխհատուցման` IFC-ի առաջին գործիքներից մեկը երկրում: Այն նպատակ ունի աջակցել այդ բիզնեսներին, այդ թվում՝ կանանց կողմից կառավարվող ձեռնարկություններին եւ գյուղատնտեսության ոլորտին՝ խթանելով կայուն աճը եւ նորարարությունը», – նշել է Մարսելո Կաստեժանոսը՝ Եվրոպայում IFC-ի ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային գլխավոր մենեջերը։

IFC-ի երաշխիքով ապահովված պորտֆելի 75%-ը ուղղվելու է վարկառուների թիրախային խմբերի ֆինանսավորմանը, ինչպիսիք են կանանց կողմից տնօրինվող ձեռնարկությունները, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում կամ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ները, ինչպես նաեւ էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումը:

«Կոնվերս» բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ուրախ ենք հայտնել այս նորարարական ծրագրի շրջանակում IFC-ի հետ մեր համագործակցության մեկնարկի մասին: Սա կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսի համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով վերջիններիս կայուն զարգացմանը եւ աճին: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք ընդլայնել մեր վարկավորման ծավալները հատկապես տնտեսության թերսպասարկվող խմբերում ընդգրկված ՓՄՁ-ներին, միեւնույն ժամանակ նվազեցնելով մեր ՓՄՁ պորտֆելի վարկային ռիսկերը»:

«Կոնվերս» բանկի մասին

«Կոնվերս» բանկը հանդիսանում է դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ, որի հիմնական գործունեությունն ուղղված է մանրածախ բիզնեսի եւ ՓՄՁ-ների ֆինանսավորմանը: Բանկը մատուցում է մանրածախ, կորպորատիվ ու ներդրումային ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսին իր ընդարձակ ցանցի միջոցով, որը ներառում է Բանկի 34 մասնաճյուղերը մոբայլ ու առցանց բանկային ծրագրերի հետ միասին:

IFC-ի մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել www.ifc.org.

 




Լրահոս