Շաբաթ օրը տեղի ունեցած քաղաքական ժողովից հետո ՔՊ-ականների մոտ վախի ու սարսափի մթնոլորտն ավելի է ծանրացել։
Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով վերջին օրերին հայտարարել է, որ իրենց դռնփակ նիստերից, ժողովներից արտահոսք կազմակերպողը արժանանալու է Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին. ոչ միայն կհեռացվեն, այլեւ հանրային կերպով կխայտառակվեն։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական «բարկացած» ժողովից հետո իշխանականների շրջանում մի իրարանցում է սկսվել. ՔՊ-ականները ջնջում, մաքրում են իրենց խոսակցությունները, գրագրությունները, չաթերը, նկարները, անձնական բնույթի տեղեկությունները, որպեսզի մի գեղեցիկ օր էլ այդ ամենը չհայտնվի վարչության նիստում, եւ իրենք չընկնեն Հովիկ Աղազարյանի օրը։
Բանն այն է, որ ՔՊ-ականներից շատերն իրենց հեռախոսներում ավելի վատ բովանդակություններով խոսակցություններ ու լուսանկարներ ունեն, ու եթե հանկարծ մի օր դրանք հանրայնացվեն, նրանց էլ ոչինչ չի փրկի։ Մի կողմից էլ իշխանականների սիրտը չի հանգստանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իրավապահները կարող են անգամ իրենց հին ու ջնջված նամակագրությունները վեր հանել ու որպես կոմպրոմատ օգտագործել իրենց դեմ։ Դրա համար էլ ՔՊ-ականները շատ լուռ են. ոչ ոք չի ցանկանում «սխալվել»:
ՔՊ-ականները որսի են դուրս եկել. հիմա էլ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստն էր արել։ «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։ Մասնավորապես, Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։ ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։ Ավանեսյանը, իհարկե, փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել: Հակոբ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության համար, ինչպես նաեւ բնապահպանական խայտառակ իրավիճակի եւ անթույլատրելի չափով ծառերի հատման համար։ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի մոտ նաեւ անկեղծացել են, որ այսուհետեւ, որպեսզի թիմային գզվռտոցների մասին լուրերը նրան այստեղ-այնտեղից չհասնեն, նիստերի ժամանակ հրապարակավ իրար դեմքի ինչ ունեն՝ ասելու են։ Հավելենք նաեւ, որ նախաձեռնող նիստն այնքան թեժ է անցել, որ անգամ ամփոփիչ զեկույցը կիսատ է մնացել՝ նախաձեռնողի հաջորդ նիստին ներկայացնելու պայմանով։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզային ոստիկանապետը խոր հակամարտության մեջ են։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պաշտոնյաների ներքին կռիվը ուղիղ կապ ունի մարզպետի քրեական պատմությունների հետ հնարավոր առնչություններին։ Ուշագրավն այն է, որ մարզպետ Մովսիսյանը օրերս իր հարցազրույցում հրապարակավ կասկածի տակ է դրել իրավապահների գործողությունները։ Երեկ, երբ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին ոստիկանները թմրանյութի օգտագործման կասկածանքով բերման էին ենթարկել, մարզպետը հայտարարեց, թե վստահ է, որ այս միջադեպը կապված է իր օգնականի ու համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ Արագածոտնի մարզային վարչության պետի միջեւ առկա լարված փոխհարաբերությունների հետ։ Նշենք, որ Արագածոտնի մարզային վարչության պետը Վարդան Խաչատուրյանն է, իսկ ահա Աշտարակի բաժնի պետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը, որը երեկ՝ դեպքից հետո, ազատվեց պաշտոնից։ Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի Mercedes-ը, ինչից հետո վարորդին՝ Ա. Մարկոսյանին, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը, կարծես, փոքր-ինչ թանկ է նստել Լեհաստանի նախագահի վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից ստացել է նվեր՝ տղամարդու հագուստի թեւքածալի վրա տեղադրվող ճարմանդ՝ 3 զույգ, 925 հարգի արծաթից, քարերով։ Քարերը՝ սաթ, օինքս։ Զարդի արժեքը կազմել է 74 հազար 577 դրամ։ Տեղեկացնենք, որ եթե նշված օրենքի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով: