«ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին պետք է պաշտպանության տակ վերցնել, նրանք իշխանությունների թիրախում են», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս, անդրադառնալով ՔՊ-ի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, եզրակացնում է՝ իշխանությունները ընտրությունների են պատրաստվում: Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ ընտրություններին իր թեկնածությունը եւս առաջադրելու է։
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝ մասամբ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, զրույցը սկսենք ներքաղաքական վերջի իրադարձություններից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծես խիստ պատժամիջոցներ է կիրառում այն պատգամավորների նկատմամբ, որոնք համաձակվում են իրենց ձայնը բարձրացնել եւ որեւէ հարցում հակառակվել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ Հովիկ Աղազարյանի հետ տեսանք՝ ինչ եղավ, հետո էլ Հակոբ Ասլանյանի շուրջ իրարանցում սկսվեց, եւ երկուսն էլ հեռացվեցին խմբակցությունից եւ/կամ կուսակցությունից: Ի՞նչ է կատարվում, ըստ Ձեզ, այս իշխանության ներսում: Ի՞նչ բնորոշում կտաք այս ամենին:
-Ես վաղուց արդեն չեմ մեկնաբանում իշխող խմբի եւ իրենց ղեկավարի գործունեությունը, քանի որ հստակ տեսնում ենք, թե ուր են տանում մեր պետությունն ու հայրենիքը: Սա բնականոն ներքին գործընթաց է կարծում եմ, որով միտում ունեն իշխանությունը պահելու եւ պատրաստվելու հաջորդ ընտրություններին՝ դիրքավորվելով այն մարդկանց նկատմամբ, ովքեր հլու-հնազանդ ծառայել են եւ մասնակիցն են եղել ընդհանուր անկմանը: Հիմա պարզապես իմիջի փոփոխություն է տեղի ունենում, որի հետեւանքով ոմանք թիրախում են հայտնվել:
Այլ վերլուծաբաններ խոսում են սրա մասին, սակայն սա պարզապես ցույց է տալիս, թե որքանով է ժողովրդավարական իշխող վարչակազմը եւ առհասարակ Հայաստանի կառավարությունն ու պետությունը: Մենք տեսնում ենք, որ մի հոգի է կառավարում երկիրը, եւ վեց տարի առաջ ժողովրդի ունեցած հույսերն ի չիք են դարձել: Հավատում եմ, որ ցանկացած գործողություն առ ոչինչ է հետայսու: Թիրախները այս գործընթացների հաստատ հերոսներ չէին, եւ իրենք էլ հայրենիքի եւ Արցախի մասին շատ վատ հայտարարություններ են արել, սակայն եթե իրավունք է խախտվել եւ թիրախավորվել են, ապա պաշտպանության տակ պիտի լինեն:
-Կարծում եք, որ հեռացված պատգամավորները պաշտպանության կարի՞ք ունեն:
-Այո՛: Այս հարցով, այո՛, պաշտպանության կարիք ունեն, բայց պետք չէ մոռանալ այն ամենն ինչ արել են:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԹԱԼԱՆԸ ՀԵՏ ԲԵՐԵԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ոչ թե փոքր եւ միջին բիզնեսի վերացման եւ նրանց ճնշելու համար է, այլ «Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է. այդ թվում՝ թալանվածը եւ թալանվողը ետ բերելու»։
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների մեկնաբանություններին պատասխանելու արշավի ընթացքում արձանագրել է, որ քաղաքացիների մեծամասնության բողոքը հենց հարկային նոր օրենքի փոփոխության մասին է։
Ըստ Փաշինյանի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգիրքը սարսափելի չէ, պետք է հասկանալ՝ իրականում ինչ է տեղի ունենում. «Առեւտրի կետերը որպես հարկ պետք է վճարեն շրջանառության 5%-ը, եթե իրենց կողմից վաճառվող ապրանքները փաստաթղթավորված չեն, այսինքն, եթե իրենք որեւէ ապրանք վաճառում են, չեն գրել որտեղից են ձեռք բերել։ Եթե ցույց են տալիս, թե որտեղից են ձեռք բերել, այդ դեպքում հարկերը կարող են նվազեցվել եւ հասնել 1,5%-ի»,- Ֆեյսբուքյան տեսանյութում ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ օրենքի նախագծի հիմքը օրենքի դաշտում աշխատողների համար հարկային տոկոսի նվազումն է։
Բանն այն է, որ բազմաթիվ տնտեսագետներ օրենքի նախագծերի երկարատեւ ուսումնասիրությունից հետո պնդում են, որ սա քայքայիչ նախագիծ է։ Հավելում են, որ եթե այսպես շարունակվի, ապա փոքր եւ միջին բիզնեսը գոյատեւել չի կարող, եւ գոյություն ունենալու իմաստ էլ չի լինի։
Փաշինյանը, սակայն, պնդում է հակառակը, որ խնդիր առաջանալու է ոչ թե փոքր եւ միջին բիզնեսի համար, այլ խոշոր բիզնեսի համար։
«Որովհետեւ չփաստաթղթավորման հնարավորություններով խոշոր բիզնեսները իրենց միլիոնների եւ միլիարդների ներկրած ապրանքները ՀԴՄ-ներով եւ փոքր կետերի միջոցով ծախսակրում են, դուրս են գրում, վաճառում են, բայց դա հնարավորություն է տալիս, որ իրենք ցույց չտան իրենց կողմից ներմուծված ապրանքների իրական չափը, եւ այսպիսով խուսափում են հսկայական հարկեր վճարելուց»։
Փաշինյանի խոսքերը կարելի է ուղիղ մեղադրանք համարել՝ խոշոր առեւտրական կենտրոնների սեփականատերերին ուղղված։ Ըստ հասարակական-քաղաքական գործիչների եւ տնտեսագետների՝ այս հարկային օրենքի փոփոխման նախագիծը նպատակ ունի լրացնել բյուջեում առկա դեֆիցիտը, որը հարկատուներից «կքերի» գրեթե 13 միլիարդ դրամ։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ