Ադրբեջանի դատախազները հայ քաղբանտարկյալ, մարդասեր ու բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:
Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե՛ Ռուբեն Վարդանյանից, թե՛ հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ռեժիմը միեւնույն ժամանակ հրաժարվել է Վարդանյանին եւ նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որեւէ նշում կատարելու հնարավորությունից: Հետեւաբար, Վարդանյանն ու նրա փաստաբանը ծայրահեղ կերպով սահմանափակված են իրենց իրավունքներում, որպեսզի դատավարության ժամանակ պատրաստ լինեն պաշտպանության։
«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են, – ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը, – «մեղադրանքների այդ երկար շարանը ակնհայտ ցինիկ փորձ է Ռուբեն Վարդանյանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Ավելին՝ Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու եւ ծանոթացման ներկայացնելու Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու, այսպես կոչված, ապացույցները, վերահաստատում են, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ռեժիմը նաեւ գիտակցում է, որ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որեւէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքները: Այս մոտեցումը հստակորեն ծրագրված է, որպեսզի Ալիեւը կարողանա արդարացնել գաղտնի դատավարության անցկացումը, որը կլինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, զգուշացնելով, որ այս նոր մեղադրանքներն ազդարարում են Ալիեւի կողմից ընդդիմադիր ձայները լռեցնելու ակտիվացող արշավի մասին, կոչ է անում Ժողովրդավար աշխարհին ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլեւս չեն կարող հանդուրժվել, եւ ապահովել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։
«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են եւ COP29-ի ձախողումների համար հատուցում,- ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:- Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջեւ՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը եւ առաջադրված կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլեւս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»։
Է. Մ.
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՔՊ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԱԿ ԺՈՂՈՎԻՑ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շաբաթ օրը տարեվերջյան քաղաքական ժողով էր հրավիրել։
Կուսակցության ժողովը տեղի էր ունեցել Աշտարակ քաղաքում, որին ներկա էին միայն ՔՊ վարչության անդամները, ԱԺ հանձնաժողովների նախագահները եւ փոխնախագահները, կուսակցության մարզպետները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկել են արտաքին քաղաքական եւ ներքաղաքական հարցեր։ Մասնավորապես քննարկվել են կուսակցության ներսում տեղի ունեցող վերջին խմորումները՝ հատկապես Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսուհետեւ կուսակցության վարչության որոշումները չկատարող եւ ինքնագլուխ քայլեր անող ՔՊ-ականները հեռացվելու են թիմից՝ ընդ որում շատ խայտառակ ձեւով։
Իսկ Հովիկ Աղզարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ կատարվածը պետք է դաս լինի մյուսների համար, որ իր ասածներին չհամարձակվեն հակառակվել, այլապես՝ նրանց ճակատագրին են արժանանալու։ ՔՊ-ականներին արգելվել է, առանց թիմակիցների հետ համաձայնության, հարցազրույցներ տալ ու չմտածված հայտարարություններ անել։
Իշխանականները քաղաքական ժողովին քննարկել են նաեւ արտաքին քաղաքական հարցեր։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես այդպիսին՝ խաղաղության պայմանագրի հետ կապված առաջընթաց չկա, սպասողական վիճակ է։