Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռեւս 2023 թ-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններ)։
2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում՝ 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ եւ 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
Արձակուրդները
2024-2025 ուսումնական տարում՝
1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ, գարնանային՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:
2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 17-ից 30-ը ներառյալ:
3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ եւ գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:
Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձեւով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:
Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:
Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաեւ հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԲԱՆՎՈՐՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԵՑՐԵԼ, ԳՈՒՄԱՐԸ ՉԵՆ ՏՎԵԼ
Տավուշի մարզի սահմանամերձ գոտում տասնյակ բանվորներ աշխատել են ռազմական օբյեկտի շինարարությունում, սակայն ամիսներով աշխատածի փողը չեն ստացել։ Նրանք ստիպված դիմել են լրագրող Ոսկան Սարգսյանին։ Որպես ռազմական օբյեկտի կապառալու հանդես է եկել «Շինվեկտոր» ՍՊԸ-ն, որը բանվորներին աշխատեցրել է աշխղեկների միջոցով։ Աշխղեկներից մեկը՝ Երեւանի Հարավ-Արեւմտյան Բ2 թաղամասի բնակիչ, 1984 թվականին ծնված Վահագն Վարդանի Ալահվերդյանը, տասնյակ բանվորների աշխատածի փողը չի տվել ու մեկ ամիս առաջ անհետացել է։ Խաբված բանվորները 5 օր առաջ այդ առթիվ դիմել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Վահագն Ալահվերդյանը այդ օբյեկտում աշխատած Կոթի գյուղի բնակչին պարտք է 1,5 միլիոն դրամ, օբյեկտում բանվորների համար ճաշ պատրաստած խոհարար նոյեմբերյանցի կնոջը՝ 500 հազար դրամ, բանվորների համար վերցված սնդի համար շուրջ 6 հազար դոլարին համարժեք դրամ է պարտք Ջուջեւան գյուղի մթերային խանութին, 400 հազար դրամ՝ Ոսկեպարի խանութին, պարտք է նաեւ Ոսկեպարի բնակիչ 4 բանվորների։ Խնդրի վերաբերյալ դեկտեմբերի 13-ին զանգահարեցիպք «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրեն Ռաֆայել Սարգսյանին։ Նա հայտնեց, որ ինքը կգնա Նոյեմբերյան եւ խնդրին լուծում կտա։ Դեկտեմբերի 16-ին նորից զանգահարեցինք Ռաֆայել Սարգսյանին։ Նա ասաց, որ դեկտեմբերի 14-ին Նոյեմբերյան քաղաքում ինքը հանդիպել է աշխատավարձի պարտք ունեցող բանվորներին։ Ռ. Սարգսյանն ասաց, որ բանվորների աշխատավարձի պարտքի կեսը տեղում մարել է, կեսն էլ կվճարի առաջիկայում։ «Շինվեկտոր» ՍՊԸ տնօրենը բանվորներին ասել է, որ ինքը նրանց աշխատավարձի գումարները նախկինում վճարել է աշխղեկ Վահագն Ալահվերդյանին, որին ինքը որոնում է։ Նա բանվորներին առաջարկել է շարունակել աշխատանքը ռազմական օբյեկտի շինարարությունում։
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է
Տարիներ առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանում գործում էին ոստիկանության 2 բաժիններ՝ Նոյեմբերյանի եւ Բագրատաշենի։ Բագրատաշենում առանձին բաժնի առկայությունը պայմանավորված էր Բագրատաշենում Վրաստանի հետ սահմանային անցակետի, երկաթուղու Հայաստան մուտքի, Վրաստանի հետ երկար սահմանի առկայությամբ։ Տարիներ անց ոստիկանության Բագրատաշենի բաժինը դարձրին բաժանմունք։ Հիմա այդ բաժանմունքը փակել են, դրա գործունեությունն իրականացնում է Նոյեմբերյանի բաժինը։ Վերջին տարիներին Տավուշի մարզի համայնքներում պետական եւ ոչ պետական շատ հիմնարկների տեղական մասնաճյուղերը, բաժինները լուծարել են։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ