ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՈՐՋ. ՔՊ ՆԻՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին անհանգստացնում է ՔՊ իշխանության ներսի կոռուպցիան. նա կուսակցության ակտիվի նիստում Սյունիքի մարզում կատարվողի մասին հանդես է եկել զեկույցով:

«Մեզ պատերազմում կրած պարտությունը ներել է մեր ժողովուրդը, մեր շատ սխալների վրա աչք է փակել, ոչ պրոֆեսիոնալ քայլերի համար չի դատապարտել, բայց կուռուպցիայի համար ժողովուրդը մեզ չի ների»: Մոտավորապես այսպիսի խոսքերով է սկսել իր զեկույցը ՔՊ ակտիվի դռնփակ նիստում ԱԺ կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նրան շատ է մտահոգում, որ թեեւ 2022 թվականի օգոստոսին պարզ դարձավ, որ ՀՀ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդեն ձեռք է բերել 21,875 տոկոս բաժնեմաս, բայց ՀՀ հպարտ քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխել դա: Պատգամավորն ասել է, որ փոխարենը հարստանում են ՔՊ-ական կամ նրանց հարող պաշտոնյաները:

Նարեկ Ղահրամանյանը հնարավորինս փաստարկված հայտարարել է, որ երբ Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր բաժնետոմսերի կառավարումը հանձնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), Սյունիքում բոլորը տեսան, թե ինչպես նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որ շարքային աշխատակից էր, սկսեց հարստանալ իրենց աչքի առջեւ:

Նույն Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01JO001. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Իսկ նրա կինը Toyota Camry մակնիշի ավտոմեքենա է վարում, որի արժեքը մոտավորապես 40 հազար ԱՄՆ դոլար է:

ՔՊ-ներսում քննարկվել է նաեւ, որ բացի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված շատ բարձր, սակայն բոլորից գաղտնի պահվող աշխատավարձից, Բաբայանը եկամուտներ է ստանում նաեւ «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, փաստացի իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ, Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերություն՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ շահելու նպատակով:

Հավելենք, որ թեեւ ԱՆԻՖ-ի անփառունակ լուծարումից հետո ԶՊՄԿ-ի Կառավարության մասնաբաժնի կառավարումը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է անցել, բայց փաստացի իրավիճակի տերը նույն Նարեկ Բաբայանն է, որը նաեւ ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված:

 

 

 

Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում, փաստորեն, ղեկավարներին դիմելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթեւ անել՝ արդյոք խնդրանքը կհայտնվի գործնական զրուցարաններում (chat-երում), թե ոչ։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ում հետ խմբակցության ներսում չեն շփվում եւ անգամ ոմանք չեն էլ բարեւում, ամեն մանր-մունր բան ուղարկում է ՔՊ-ի զրուցարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթի քաջատեղյակ աղբյուրները պատմում են, որ երբ Հայկ Կոնջորյանին խմբակցության անդամները ինչ-որ խնդրանքով  դիմում են, օրինակ՝ ինչ խոսել հարցազրույցի ժամանակ, գնալ, թե չգնալ ինչ-որ պատվիրակության հետ գործուղման, կամ հրավերն ընդունել, թե ոչ, Կոնջորյանը, առանց այս ու այն կողմ ընկնելու, խնդրանքը եւ/կամ հարցը անմիջապես ուղարկում է ՔՊ-ի զրուցարան՝ հայտնելով, թե «այս» պատգամավորը ինձ «այսպիսի» հարցով է դիմել։ Այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ Հայկ Կոնջորյանը, ով խմբակցության ղեկավարն է, չի տիրապետում գործընկերների հետ անգամ վարվեցողության տարրական կանոններին, չի կարողանում փոխհարաբերվել, կոնֆիդենցիալություն պահել չգիտի, ու դեռ խոսում է արտահոսքերի անթույլատրելիության մասին: Նրա այս պահվածքը, իհարկե, ՔՊ-ականների շրջանում տարակուսանք է առաջացնում, թե  ինչո՞ւ է նա «ամեն մանրուք գցում ՔՊ չաթ»: Պատճառը թերեւս այն է, որ ՔՊ խմբակցության ղեկավարը, մինչ իր այդ պաշտոնին լինելը, չնայած երիտասարդ տարիքին՝ 3 տարբեր կուսակցությունների անդամ է եղել, եւ գուցե այս պատճառով էլ թիմում վերջինիս անվստահելի են համարում։ Հայկ Կոնջորյանը եղել է «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» դաշինքի անդամ։ Այս ամենից եւս մեկ անգամ կարող ենք ենթադրել, որ 3 կուսակցություն փոխած ՔՊ-ականին չեն կարող թիմի ներսում վստահել:

 

 

 

 

 

 

Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը. բացահայտում

 

2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը «ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով պետք է նպաստեր ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու եւ իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը եւ գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման եւ գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման եւ կատարելագործման գործընթացին»:

Իսկ ինչ արեց այդ կառույցը. «ձախողվեց», ինչպես խոստովանել է հենց ինքը՝ հիմնադիր Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի պատճառով պետությունը ոչ թե տասնյակ միլիոններ է կորցրել, այլ, ընդհանուր հաշվարկով, վնասը հասնում է 25 միլիարդ դրամի կամ մոտ 63 մլն դոլարի:

2019 թվականին, երբ ձեւավորվեց ԱՆԻՖ-ը, ոչ ոք չէր մտածի, որ այն կարող էր դառնալ ժամանակի կոռուպցիոն գործարքների որջը։

«Ժողովուրդ» օրաթերթը, ԱՆԻՖ-ի հաշվետվությունները ուսումնասիրելով, բացահայտեց, որ պետությանը ներդրումներ ապահովելու կոչված մարմնի համար 2019-2023 թվականներին ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ է ծախսվել՝ պետբյուջեից ԱՆԻՖ-ի աշխատակիցների աշխատավարձեր, դրան հավասարեցված վճարումներ, հարկեր:

Բացի դրանից, ՀՀ Կառավարության որոշմամբ ներդրվել է գրեթե 5 մլրդ ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այսինքն՝ 2 նախագծերի համար ընդհանուր բյուջեից ծախսվել է ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ։

2022 թվականի հաշվետվության համաձայն՝ աշխատավարձերի ֆոնդը 1.3 մլրդ դրամ է եղել, որտեղ հիմնականում աշխատել են ուժային կառույցների աշխատակիցների բարեկամները՝ աստղաբաշխական աշխատավարձերով:

Շարունակենք շարքը.

«Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող Hard Rock Cafe Yerevan-ի, «Այգ-1»-ի, «Գլոբալ քոնեքթ»-ի, «Էկո ֆրեշ մաշրումս»-ի, «Սերմից ֆերմա»-ի ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար։

Եթե վերջնականացնենք այս խոշոր հաշվարկը, գումարենք ԱՆԻՖ-ի լուծարման համար հատկացված 1,7 միլիարդ դրամը, «Ֆլայ Արնա» ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի վարչական ծախսերի համար հատկացված 11 մլրդ դրամը, «Ձեռնարկատեր + պետություն» ՓԲԸ-ի կողմից ղեկավարվող ծրագրերի համար հատկացված 10 մլրդ դրամը եւ պետական գնումների կայքում առկա ծախսերի ֆինանսական հաշվետվությունների մնացորդները (2023-ի հաշվետվությունը չկա), ապա կստացվի, որ մի կլորիկ գումար՝ մոտ 25 մլրդ դրամ՝ գրեթե 63 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել պետության կողմից, բայց գրեթե բոլոր ծրագրերը ձախողվել են:

Հիշեցնենք, որ ընկերության լուծարման գործըթնացը մեկնարկել էր այս տարվա գարնանը եւ նույնիսկ լուծարման համար ՀՀ Կառավարությունը պետբյուջեից 1,7 միլիարդ դրամ ուղղեց՝ վարկերի մարման, աշխատակիցների վերջնահաշվարկի ու այլնի համար:

Խոսելով իր իշխանության ամենամեծ թալանի մասին եւ, պատասխանելով հարցին, թե ովքեր են պատասխանատու (ԱՆԻՖ-ի) լուծարման համար, Նիկոլ Փաշինյանը այս տարվա օգոստոսի 31-ին տված իր ասուլիսի ժամանակ այսպիսի պատասխան հնչեցրեց.

«Պետք է ստանանք պատասխաններ ԱՆԻՖ-ի լուծարման վերաբերյալ։ Ադ գործընթացն այնքան էլ աննկատ չի տեղի ունեցել, այդտեղ կան ձախողումներ, այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում, ես հուսով եմ, որ մենք կստանանք պատասխաններ։ Եթե ձախողված պրոյեկտներից խոսենք, կարող ենք էլի պրոյեկտներից խոսել, յուրաքանչյուր երկրում կան ձախողված պրոյեկտներ պարտադիր»:

Ստացվում է, որ անգամ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, որ այս նախագիծը ձախողվել է, սակայն քողարկված է մնում՝ կոնկրետ ով, ինչպես տապալեց ծրագրերը եւ մսխեց պետության եւ հերոս հարկատուների կողմից հավաքագրված պետբյուջեի գումարները:

Հիշեցնենք, որ այսօրվա Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, միաժամանակ՝ 2018-2021 թթ., նա ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետ:

Տեղեկացնենք, որ այս մասով քրեական վարույթ է հարուցվել տարբեր դիմումների հիմքերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ 3-րդ մասի 3-րդ կետով՝ (վստահված գույքը հափշտակելը` առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ՀՀ կամ այլ պետության առեւտրային կամ այլ կազմակերպության աշխատողի կողմից լիազորությունները ի վնաս այդ կազմակերպությանն օգտագործելը, ինչի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։

Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ, սակայն այս ամենի համար որեւէ մեկը մինչ օրս չի մեղադրվել:

 

 

 

 

Արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը նախորդ շաբաթ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը» մուտք են արել խորհրդարան: Նախագիծը ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում է, 1 ամիս քննարկումներից հետո՝ այն 2025 թվականին կմտնի ԱԺ օրակարգ: Թե ինչ որոշում ունի քաղաքական մեծամասնությունը ԵՄ անդամակցության վերաբերյալ, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհստակեցրեց: Նա ասաց, որ  աշխատանքային քննարկումներ են ընթանում, խմբակցության մակարդակով վերջնական որոշում դեռ չունեն: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ չգտի, թե իշխող ուժը ինչ որոշում կկայացնի նախագծի մասով. «Իշխանություններից բարձր մակարդակով ազդակ է եկել, որ պատրաստ են քննարկել նախագիծը, Ալեն Սիմոնյանն էլ էր ասել՝ թող ներկայացնեն նախագիծը, կքննարկենք, բայց թե ինչ որոշում կկայացնեն, չենք կարող ասել»։ Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը սեպտեմբերի 16-ից մեկնարկել էր ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ Նախաձեռնող խումբը պետք է հավաքեր 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։ Սեպտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 14-ը նախաձեռնությունը 60 հազար ստորագրություն էր հավաքել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում վավերացրել էր ԵՄ-ին միանալու 52 351 ստորագրությունը։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:

 




Լրահոս