ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ՝ ՀՕԳՈՒՏ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը եւ Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիեւի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում  անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվեղ հայերին, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։

 

Մեկնաբանելով բանաձեւի նախագծի շրջանառումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Մենք ողջունում ենք սենատորներ Փիթերսի եւ Քեսիդիի կողմից Սենատում այս բանաձեւի ներկայացումը, որպես Արցախի իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Կոնգրեսի երկկուսակցական աջակցության եւս մեկ նշան: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի դաժան գործողությունները եւ կոչ անելով միջազգային վճռական միջոցների ձեռնարկման՝ այս բանաձեւը վերահաստատում է ամերիկյան հավատարմությունն Արցախի իրավունքներին՝ ստեղծելով պատասխանատվության եւ արդարության ամուր շրջանակ»:

Բանաձեւի համահեղինակ Բիլ Քեսիդին իր հերթին նկատել է. «Ադրբեջանը պատանդ է պահում Եվրոպային էներգիայի պատճառով, բայց Լուիզիանայում բավականաչափ էներգիա կա Եվրոպայի կարիքները բավարարելու համար: Աշխարհը չի կարող հանդուրժել բռնապետին»։

Ներկայացված բանաձեւով մասնավորապես առաջարկվում է՝

  1. Արցախահայության շրջափակումն ու հետագա ռազմական գործողությունները որակել որպես էթնիկ զտում։
  2. Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչության դեմ հանցագործություններում ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։
  3. Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զորու կլինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։
  4. Ամերիկյան օժանդակության տրամադրում՝ Հայաստանում արցախահայության կարիքները պատշաճ հոգալու համար։ Նույն նպատակով ամերիկյան կառավարության կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։
  5. Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձեւ) կիրարկում։
  6. Հայաստանի Հանրապետության անվտանգությանն աջակցություն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության զարգացում անվտանգության ոլորտում։
  7. Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն Հարավային Կովկասում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատ արձակմանը,
  8. Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։

Բանաձեւի տեքստում հատուկ անդրադարձ կա հայ ռազմագերիների խնդրին՝ պահանջելով ամերիկյան միջնորդություն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։

Բանաձեւի տեքստում նաեւ ընդգծում է՝ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը նշել են՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խախտում է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքները՝ ինչպես այս, այնպես եւ համանման այլ բանաձեւերի շուրջ, հնարավորինս մեծ կոնգրեսական աջակցություն ապահովելու եւ առաջիկայում դրանց ընդունմանը հասնելու ուղղությամբ։

Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՐՑԵՐ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ:

Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:




Լրահոս