ԿՅԱՆՔԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է գրել Ջեյն Օսթինի մասին՝ այս անգամ ընթերցողին ծանոթացնելով գրողի հայտնի, հետաքրքիր մտքերին։

 

գ Մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել:

գ Հպարտությունը շատ տարածված թերություն է: Իմ ամբողջ կարդացածն ինձ համոզել է, որ հպարտությունն իրոք շատ տարածված է, ու մարդն իր բնույթով խիստ հակված է դրան: Մեր մեջ քչերը կան, ովքեր ինքագոհ չեն ու չեն փայփայում այն միտքը, թե իրենք մյուսներից ավելի լավն են, լինի դա իրական, թե մտացածին: Սնափառությունն ու հպարտությունը տարբեր բաներ են, թեեւ այդ բառերը հաճախ որպես հոմանիշներ են օգտագործվում: Մարդը կարող է հպարտ լինել` զերծ լինելով սնափառությունից: Հպարտությունն այն է, ինչ մենք ենք մեր մասին մտածում, իսկ սնափառությունը` ինչ որ կցանկանայինք` ուրիշները մեր մասին մտածեին:

գ Հեռավորությունը չնչին բան է երբ այն հաղթահարելու պատճառ ունես:

գ Չկա ավելի մոլորեցնող բան, քան կեղծ համեստությունը: Հաճախ դա պարզապես մարդկանց մտքերը հաշվի չառնելն է, իսկ որոշ դեպքերում` սքողված պարծենկոտությունը։

գ Ամենաիմաստուն եւ լավագույն մարդկանց, ավելի ճիշտ` նրանց ամենաիմաստուն եւ լավագույն արարքները կարող են որպես անմտություններ մատուցել այն մարդիկ, ում համար կյանքում առաջինը սրամտելն է:

գ Ոչ մեկը չի կարող իրոք կրթված համարվել, եթե սովորական շրջապատին էապես չի գերազանցում: Այդպիսի կոչման արժանի կինը պետք է հիմնավոր գիտելիքներ ունենա երաժշտությունից, երգեցողությունից, նկարչությունից, պարից, ժամանակակից լեզուներից: Այս ամենից բացի՝ պետք է վայելուչ կեցվածքի ու քայլվածքի, ձայնի հնչերանգի ու արտահայտչականության տիրապետի, այլապես այդ բառին միայն կիսով չափ արժանի կլինի:

գ Մենք բոլորս էլ սիրում ենք դասեր տալ, թեեւ սովորեցնում ենք բաներ, որոնք ինքներս էլ կարգին չգիտենք:

գ Մեջս մի համառություն կա, որը չի թողնում, որ ուրիշների կամքով վախի մատնվեմ: Ամեն անգամ, երբ մեկը փորձում է ինձ վախեցնել, խիզախությունը մեջս գլուխ է բարձրացնում:

գ Եթե դու լավ ես վերաբերվում քեզնից ինչ-որ բան պահանջողի հետ, դա կարող է քեզ մղել, որ անվերապահորեն ենթարկվես նրա ասածին՝ անգամ չսպասելով, որ դրա համար որեւէ հիմնավորում հնչի:

Ես չեմ կարող, ոչ էլ հարկավոր է, որ մտքիցս դուրս մղեմ այնտեղ ներխուժած ցավոտ հիշողությունները: Ամբողջ կյանքումս եսասեր եմ եղել, գոնե այդպես ապրել եմ, թեեւ սկզբունքներս այլ են եղել: Երեխա ժամանակ ինձ սովորեցրել են, թե ինչն է ճիշտ, բայց չեն սովորեցրել բնավորությունս շտկել: Ինձ բարձր սկզբունքներով են դաստիարակել, բայց թույլ են տվել, որ դրանց հետեւվելիս լինեմ հպարտ եւ մեծամիտ:

գ Միակ բանը, որի համար նրան մեղադրում էին, հպարտությունն էր. թերեւս նա իրոք հպարտ էր, բայց եթե նույնիսկ այդպիսին չլիներ, դա հաստատ նրան կվերագրեին:

գ Շատերը նրա մեջ տեսնում են այն, ինչ ինքն է ցանկանում, որ տեսնեն:

գ Որքան փոփոխական են մարդու զգացմունքները. այժմ իր ցանկությունն է շարունակել մի ծանոթություն, որին նախկինում ամեն կերպ ուզում էր վերջակետ դնել…

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԵՐԵՎԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՈՄԻՏԱՍ Է ՇՆՉՈՒՄ

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելեւէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն եւ համապատասխանող երաժշտությունը»

 

Կոմիտաս վարդապետը՝ հայ ազգի դիմագիծն է ասել։

Դեկտեմբերի 17-ի երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում Կոմիտաս էր հնչում ու տարածվում մինչեւ մարդկանց սրտերը:

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը, «Երեւան լարային քառյակ»-ը եւ «Լիլլա վոկալ» կվարտետը ներկայացրին Կոմիտասի կյանքի, երաժշտության ստեղծման գործընթացը։ Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ Կոմիտասի հանրահայտ մշակումները, ստեղծագործությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Պետրոսյանն ասաց, որ փորձում է Կոմիտասի երգերը երգել սովորել՝ ինչպես ուսանողը։

Հարցին՝ ի՞նչ մեսիջ կա համերգում թաքնված, Պետրոսյանը կատակեց. «Կոմիտասն ու մեսիջ բառը իրար չեն համապատասխանում»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ «Երեւան լարային քառյակ» խմբի անդամ Նարեկ Սահակյանի հետ, ով մեր նույնաբովանդակ հարցի վերաբերյալ ասաց. «Շատ դժվար բան եք ասում, յուրաքանչյուր ստեղծագործություն իր յուրահատկությունն ունի: Դեռեւս տեղին կլինի առանձնացնել «Գարուն ա» եւ «Կռունկ» ստեղծագործությունները, քանի որ բացի ժողովրդական պատմություն ունենալուց՝ նաեւ խորհուրդ են պարունակում իրենց մեջ», – նշել է երաժիշտը՝ անդրադառնալով Կոմիտասի երաժշտությանն ու իր սիրելի ստեղծագործություններին:

Կոմիտասի ստեղծագործությունների մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է նաեւ «Լիլլա վոկալ կվարտետ»-ի անդամ Դիանա Այվազյանը, ով պատմել է, թե ինչ է զգում, երբ  երգում է «կոմիտասերեն». «Շատ մեծ պատասխանատվություն է Կոմիտասի ստեղծագործությունները ներկայացնել՝ ինչպես նաեւ մեծ պատիվ: Կոմիտաս շատ են երգում, կարելի է կարծել, որ ոչնչով չես զարմացնի մարդկանց, ինչը մեծացնում է պատասխանատվությունը»:

Ահա այսպես, եւս մեկ անգամ ամենայն հայոց վարդապետն իր ստեղծագործության շուրջ էր համախմբել մի խումբ մարդկանց։

Ա.  ՍՐԱՊԻՈՆՅԱՆ,

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս