44-օրյա պատերազմից հետո իշխանությունները փորձեցին կրկին ձեւավորել կառավարություն, սակայն իրենց ներկայացրած հնգամյա հայեցակարգերից եւ ծրագրերից շատերը անգամ չեն մեկնարկել։
Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։
Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։
ՏԿԵ նախկին նախարար եւ այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում 2021 թվականին հայտարարել էր. «Այս տարի՝ 2020 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, ես այս ամբիոնից հնչեցրել եմ 1.5 տասնյակ ջրամբարների կառուցման մասին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջիկա 10-15 տարում փոքր ջրամբարների կառուցման ուղղությամբ: Այստեղ նույնիսկ ցանկն եմ հնչեցրել, որից 4-ը վերաբերել է Վայոց ձորի մարզին: Այդ ցանկի մեջ է Ելփինի ջրամբարը, ինչպես նաեւ Խնձորուտի, Խաչիկի Վերնաշենի ջրամբարները:
Այս ուղղությամբ առաջիկայում աշխատանքներ կտարվեն նախագծային-նախահաշվային փաստաթղթերի ձեւակերպման, եւ 10-ից 15 տարում դրանց ամբողջական կառուցման, խնդիրը լուծելու ուղղությամբ»։
2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի եւ տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի բան պարզ դարձավ. Հայաստանում ջրամբար նախագծող մեկ ընկերություն կար։
Այս նախագիծը նոր չէ. 2019 թվականին Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամբարի կառուցման ծրագիր կա մշակված:
22-ը դարձավ 15. «Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խորանարդ մետրը: Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարեւան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,- ասել էր Միհրան Հովհաննիսյանը:
Նշված այս 22 ջրամբարի ընդհանուր ծավալը պետք է կազմեր 127 մլն խմ, իսկ ընդհանուր ծրագրի նախնական արժեքը հաշվարկվել էր 220 մլն դոլար։ Անգամ նախատեսվող գումարը հաշվարկված էր, սակայն ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա։
Իշխանության նպատակն է ջուրն ամբարել Հայաստանի ներսում, սակայն դրա համար չեն կառուցվում միլիոններ արժեցող ջրամբարներ եւ չեն վերանորոգվում ոռոգման ջրի ուղիները, ու արդյունքում Հայաստանն ունենում է ահռելի քանակի ջրային կորուստներ, որոնք թվային տվյալներով կներկայացնենք հաջորդիվ։
Փոխարենը տարեկան 1-2 ջրամբար կառուցելուն, որն ավելի հրատապ եւ կարեւոր է, Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մի բզկտված «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար հատկացնել 1,2 տրիլիոն գումար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու: Այն կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ամեն տարվա ավարտին էլ հավաքվում են, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ ամփոփում տարին ու քննարկում առաջիկա անելիքները թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարի վերաբերյալ: Նշենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ այս օրերին քննարկումների ու վերադասավորումների փուլում են, պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ. ուստի առաջիկայում ընդդիմությունը կրկին վերսկսելու է փողոցային պայքարն ու հանրահավաքները:
Դատական համակարգը ահազանգում է, որ բոլոր դատավորների՝ հատկապես հակակոռուպցիոն դատարանի դատավորների աշխատասենյակում գաղտնի տեսախցիկներ կան դրված՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով: Այսինքն՝ դատավորները ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունեն. սա մարդու իրավունքների ոտնահարում է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորների աշխատանքը, փաստացի, ներքին դիտման տակ է։ Դատական համակարգի ահազանգի վերաբերյալ տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ դատարանի կողմից, մասնավորապես՝ հակակոռուպցիոն դատարանից, նմանատիպ որեւէ հարց չի բարձրացվել Բարձրագույն դատական խորհրդին։ Այսինքն՝ տեղյակ չեն, հետեւաբար չեն էլ հետաքրքրվում:
ՔՊ-ն Կառավարության հարեւանությամբ վարձակալած շենքը, որը վերանորոգումներից հետո պետք է ծառայեցներ որպես կուսակցության գլխավոր գրասենյակ, հետ է վերադարձրել պետությանը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկությունը հայտնեց ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Տեղեկացանք նաեւ, որ շենքն աճուրդի է հանվելու: ՔՊ-ն նոր գրասենյակը վարձակալել էր դեռ 2022 թվականին՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքում, որը «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակի եւ ՀՅԴ գրասենյակի հարեւանությամբ էր: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը: ՔՊ-ից ArmLur.am-ին ավելի վաղ հայտնել էին, որ Կառավարության հարեւանությամբ գտնվող շենքի ամսական վարձավճարը 3,990,000 ՀՀ դրամ է՝ մոտ 10 հազար ԱՄՆ դոլար: Ամիսներ շարունակ վերանորոգումից հետո, փաստորեն, իշխանությունը փոշմանել է ու չի տեղափոխվի նոր գրասենյակ: Փոխարենը ՔՊ-ն վերանորոգել է Սայաթ-Նովա փողոցում գտնվող գրասենյակը: