«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԴԵՌ ՇԱՏԵՐԸ ԿՀԱՅՏՆՎԵՆ». ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նոր մեղադրանքներ են առաջադրվել, որի հետեւանքով նա կարող է ցկյանս զրկվել ազատությունից:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է Արցախի նախկին գլխավոր դատախազ, այժմ փաստաբանական գործունեությամբ զբաղվող Գուրգեն Ներսիսյանի հետ:

-Պարո’ն Ներսիսյան, որպես Արցախի նախկին գլխավոր դատախազ, այժմ որպես փաստաբան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից վերջերս հնչած հայտարարությունը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող շինծու գործով կան բացահայտված մի շարք անձինք (ըստ Ադրբեջանի՝ հանցանք կատարած անձանց մասին է խոսքը), որոնք այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ որոնց հետ կապված Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է համագործակցություն:

-2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի նպատակը եղել է շատ կարճ ժամկետում ողջ Արցախի գրավումը, կամ առնվազն այնպիսի դիրքերի հասնելը, որի պայմաններում Արցախը կհայաթափվեր: 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանը համաձայնել է կրակի դադարեցմանը, քանի որ վստահ էր, որ դրանից հետո, միեւնույնն է, արցախցիները կհեռանան, եւ Արցախը կդատարկվի: Բայց ստացվեց այնպես, որ 2020թ. նոյեմբերի 9-ից ընդամենը օրեր անց սկսվեց Արցախի ժողովրդի վերադարձը: Այդ պատճառով 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից ակտիվ ռազմական գործողությունները փոխակերպվեցին ամենօրյա տեղային դեպքերի՝ սպանություններ, մարդկանց գույքի եւ սեփականության ոչնչացում կամ վնասում, մարդկանց ու բնակելի տների թիրախավորում, գյուղատնտեսական աշխատանքների խաթարում եւ այդպես շարունակ՝ մինչեւ Արցախի մասնակի, իսկ հետո լրիվ շրջափակում: Արցախի տեւական շրջափակումը, շրջափակման պայմաններում հյուծված ժողովրդի վրա զինված հարձակումը եւ հետո մի քանի օրով ճանապարհի բացումը պետք է տար այն արդյունքը, որը սովորաբար բխում է մարդու ինքնապահպանության բնազդից: Այդ ամենն իրագործելուց հետո պետք է սկսվեր արցախյան շարժումն ու վերջին երեսունհինգամյա պատմությունը որպես ապօրինություն, որպես որոշ անձանց հանցավոր գործունեության արդյունք ներկայացնելու եւ իրավական փաստաթղթերով ամրագրելու գործընթացը, որը հիմա տեղի է ունենում: Կարծում եմ՝ այդ նպատակը լիարժեք իրագործելու համար Ադրբեջանին չեն բավականացնում այնտեղ պահվող հայ ռազմագերիները: Բայց, քանի որ այլ անձինք նրանց տիրապետության տակ չկան, Ադրբեջանի նպատակն է առնվազն հնչեցնել նոր անուններ, այդ անձանց վերագրել կատարված ամենատարբեր հանցանքներ, այդ թվում՝ գերեվարված անձանցից կորզված ցուցմունքների հիման վրա: Կարծում եմ, որ թիրախավորվելու են ոչ միայն արցախյան ու հայաստանյան նախկին, այլեւ 2020թ. ու դրանից հետո իշխանությունների ներկայացուցիչները, պաշտպանության ու անվտանգության համար պատասխանատու կամ այդ գործընթացին ներգրավված անձինք: Հարցը այն չէ, թե ինչ կանի այդ դեպքում Հայաստանը, հարցը այն է, որ Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարության» շրջանակում հրապարակային ու լսելի կլինեն նաեւ այդ «մեղադրանքները»՝ իրենց հեռահար նպատակներով: Իսկ երբ անհրաժեշտ կլինի, Հայաստանի հանդեպ կներկայացվեն մարդկության դեմ ուղղված հանցանքների բացահայտման գործում չհամագործակցելու մեղադրանքներ, կամ այդ հանգամանքը առաջ կքաշվի որպես ինչ-որ գործընթացի խոչընդոտող պայման:

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են անընդհատ խստացվում Բաքվում պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները: Ըստ հրապարակված վերջին տեղեկությունների՝ օրինակ Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

-Գիտե՞ք, իրականում առաջնայինը պատժաչափը չէ, այս գործընթացում Ադրբեջանի համար էական է մեղադրանքի փաստական կողմը, այսինքն՝ այն արարքները, որոնց կատարման մեջ մեղադրվում են նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը եւ մյուսները, հետո կարեւոր է դրանց քրեաիրավական գնահատականը: Մեղադրանքները անընդհատ փոփոխվում են, որովհետեւ նպատակը նույնն է՝ Արցախյան շարժումը իրավական առումով ներկայացնել որպես «զարհուրելի» հանցագործությունների մի ամբողջություն. Ադրբեջանի համար կարեւոր է, թե ինչ արարքների կատարման մեջ է դատարանը մեղավոր ճանաչելու այդ մարդկանց, որովհետեւ այս ամենն արվում է ոչ միայն ներքին, այլեւ ու առավելապես արտաքին լսարանի համար: Իսկ արտաքին լսարանը, որպես կանոն, ստանում ու ընկալում է այն տեղեկությունը, որը նրան հրամցնում են՝ առանց դատի ու դատաստանի որակն ու մեղադրանքի ապացուցվածությունը գնահատելու: Ինչ վերաբերում է պատժատեսակներին ու պատժաչափերին, ապա դրանք նշանակություն են ունենալու արդեն հետագայում: Պատժի չափը ցույց է տալու այդ հարցի կշիռն ու արժեքը, եթե որեւէ մեկը, կամ թեկուզ միջազգային հանրությունը փորձի նրանցից որեւէ մեկի համար միջնորդական առաքելությամբ հանդես գալ:

Շարունակությունը՝ ArmLur.am լրատվական կայքում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 




Լրահոս