75 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԵՂԵՎՆՈՒ ԵՎ ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ թե Գյումրու համայնքապետը, այլ Շիրակի մարզպետի աշխատակազմը ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման ծառայություն է ձեռք բերել «Գյումրու վերելակային տնտեսություն» ԲԲԸ-ից։

 

«Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պայմանագիր է կնքել 20 մլն 100 հազար դրամ արժողությամբ, որով ձեռք է բերվել տոնածառի եւ խաղալիքների տեղադրում, ապամոնտաժում, տոնածառ եւ խաղալիքներ, ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման ծառայություն։

Այս տարի որոշվել է Գյումրու կենտրոնական հրապարակի տոնածառը փոխել, որի համար էլ կնքվել է 3 պայմանագիր։ Երեք պայմանագիրն էլ ձեռք է բերվել դեկտեմբերի 11-ին՝ «հրատապ բաց մրցույթ» գնման եղանակով։

Գնումը հրատապ բաց մրցույթի ձեւով է իրականացվել, քանի որ իշխանությունը մինչեւ դեկտեմբերի 11-ը չէր կարողանում Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել։

Պայմանագրերը կնքվել են «ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի եւ «Գյումրու վերելակային տնտեսություն» ԲԲԸ-ի հետ։

«ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը ՀՀ արդարադատության իրավաբանական անձերի պետական ռեգիստրում գրանցվել է 2024 թվականի փետրվարի 22-ին։ Ընկերությունը, գրանցվելուց հետո, առաջին պայմանագիրը կնքել է մայիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Ընկերությունը Փարաջանովի հոբելյանական ծրագրերի շրջանակում պետք է պատրաստեր «Փարաջանով» բույր-հուշանվերների հավաքածու։

Գյումրիում ստեղծված ներքաղաքական լարված եւ փոթորկված իրավիճակից ելնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։

«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, եւ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորները նորով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,- հրապարակված է նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնավարման վերջին որոշումներից մեկի մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրին Ամանորին պատրաստվում էր դեռ սեպտեմբեր ամսից, քանի որ Գյումրի համայնքի ներկա ավագանու անդամները սեպտեմբերի 10-ին հաստատեցին՝ «համայնքի բյուջեից hատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը հատկացվելու է Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղեւնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի եւ նոր զարդարանքների ձեռք բերման համար, իսկ 7 միլիոնը՝ համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման նպատակով»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՊՆ-Ն ԳՈՒՄԱՐ ԿԲՌՆԱԳԱՆՁԻ «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ»-Ի ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻՑ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը 2023թ. դեկտեմբերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Տավուշի մարզի  Բերդ համայնքի  Արծվաբերդ գյուղում հաշվառված, 1997 թվականին ծնված Լիլիթ Արագածի Չոբանյանից գումարի բռնագանձման պահանջով: Դատարանը 2024 թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: ՀՀ պաշտպանության նախարարության եւ Լիլիթ Չոբանյանի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա վերջինս սովորել եւ ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ նշանակվելով համապատասխան զինվորական պաշտոնի: Պայմանագրի 2-րդ կետով կողմերը պայմանավորվել են, որ ռազմական ուսումնական հաստատությունում ուսումնառության եւ հետուսումնական պայմանագրային ծառայության ժամկետը 20 տարի է (ներառյալ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն): Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում Լիլիթ  Չոբանյանը վերադաս հրամանատարությանը  խնդրել է զինվորական ծառայությունից իրեն արձակել ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ ընտանեկան եւ անձնական խնդիրներից ելնելով: Պաշտպանության նախարար Ս. Պապիկյանի 2023 թ. փետրվարի 2-ի հրամանով ավագ լեյտենանտ Լիլիթ Չոբանյանը արձակվել է ՀՀ զինված ուժերի պահեստազոր։ Վերոնշյալ փաստի ուժով ծագել է Լ. Չոբանյանի պարտավորությունը՝ վճարելու կողմերի միջեւ կնքված համաձայնագրով սահմանված տուժանքը, սակայն նա վճարում չի իրականացրել: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը դատարանից խնդրել է Լ. Չոբանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 7 միլիոն  ՀՀ դրամ գումար, ինչպես նաեւ նախապես վճարված 210 հազար  ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2024թ. հոկտեմբերի 1-ին Դիլիջան քաղաքում կայացած դատական նիստում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ն. Դալլաքյանը վճռել է հայցը բավարարել, Լ.  Չոբանյանից  հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 7 միլիոն  ՀՀ դրամ գումար՝ որպես տուժանքի գումար, նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 210 հազար ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատարանի վճիռը  օրենքով սահմանված մեկամսյա ժամկեռում  չի բողոքարկվել, այն  մտել է օրինական ուժի մեջ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս