Իշխանության յուրացման գործով ԱԺ նախկին պատգամավորի եղբոր հետ 9 ժամ առերեսում են իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ Սերոբ Գասպարյանի գործով երեկ տեղի ունեցան գործով անցնող առանցքային վկաների հետ առերեսումներ:

Գրեթե 9 ժամ տեւած արերես հարցաքննությունների արդյունքում Սերոբ Գասպարյանի մեղադրանքը ամբողջությամբ սնանկացավ: Վկաներին տրվել են հարցեր, որոնց պատասխանները էական նշանակություն են ունենալու սույն գործի լուծման համար։Ընդ որում՝ «անհասկանալի է» թե ինչու այդ վկաները ժամանակին իրենց ցուցմունքներում չեն հայտնել այդ տեղեկատվությունը, քանզի եթե ի սկզբանե հայտնեին պաշտպանության կողմը վստահ է, որ Սերոբ Գասպարյանին նույնիսկ մեղադրանք առաջադրելը կլիներ խնդրահարույց:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, որը ԱԺ նախկին պատգամավորի եղբայրն է , Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու պայմաններ:

Մասնավորապես, նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններն ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների:

Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը «մաքրելու» և «փրկելու» կոչեր:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորված են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քնար Մանուկյան




Լրահոս