ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ ԼԱՐՎԵ՞Լ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես թեւածել է հարցը` կա արդյո՞ք հակասություն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, թե՞ ոչ: Ընդ որում, այս հարցը եղել է ե՛ւ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, ե՛ւ հիմա, երբ «ամենաերիտասարդ  թոշակառուն» է:
Ի սկզբանե ասենք, որ շատ դժվար է միանշանակ պատասխանել հարցին, քանի որ բացի այդ երկուսից, որեւէ մեկը չի կարող հստակ պատասխան տալ: Իհարկե, նրանց թիմերի մեջ լուրջ պայքար է գնում, իհարկե, քաղաքական դաշտում արված նրանց քայլերին հետեւելիս կարելի է տարաբնույթ հեռուն գնացող եզրակացություններ անել: Բայց միանշանակ ոչինչ ասել հնարավոր չէ: Նրանք մշտապես կարող են հակադրվել իրար հետ, բայց պատասխանատու պահերին միավորվել: Կյանքը ցույց է տվել, որ նրանք մշտապես այդպիսի մթնոլորտ են ստեղծել, թե իբրեւ չեն հանդուրժում միմյանց` այդպիսով ստուգելով շրջապատի տրամադրությունները: Նրանք երկուսով են երկրում ստեղծել այսօրվա վիճակը, եւ երկուսով էլ պետք է հաղթահարեն: Մշտապես քաղաքական կուլիսներում քննարկվել են նեղացածներին հաշտեցնելու սցենարները, եւ որպես կանոն` Սերժ Սարգսյանից նեղացածները գնացել են Ռոբերտ Քոչարյանի մոտ, իսկ Քոչարյանից նեղացածները` Սարգսյանի: Կարծես հիմա էլ է այդպես:
Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ վիճակ է այսօր: Ինչո՞ւ, որովհետեւ հենց այդ հարցի պատասխանից է կախված հայրենի քաղաքական դաշտի ապագան: Քանի դեռ Քոչարյանն ու Սարգսյանը չեն պարզել իրենց փոխհարաբերությունները, քաղաքական դաշտում անորոշության ամպը կշարունակի մնալ:  
Եւ այսպես, սկսեցինք հարց ու փորձ անել Սերժ Սարգսյանի շրջապատում: Նույնիսկ նրա ամենամտերիմ մարդիկ դժվարացան ուղիղ պատասխանել` Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները լարվա՞ծ են, թե՞ ոչ: «Ինձ թվում է, որ առաջվանը չեն»,-ասաց Ազատիչի մտերիմներից մեկը: Մյուսն էլ ավելացրեց. «Դա մենակ երկու հոգի գիտի` իրենք: Մենք կարող ենք ենթադրել: Օրինակ` ես կարծում եմ, որ լարված են»: Իսկ Սարգսյան ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունեցող մեկն ասաց, որ նրանք հին ընկերներ են, գուցե ինչ-որ չհասկացվածություն ունենան, բայց դրանք բոլորը հարթվող խնդիրներ են: Միայն մի հոգի արմատական դիրքորոշում հայտնեց` ասելով, որ Քոչարյանն ինչքան վատություն կարող էր, արեց Սերժ Սարգսյանին, էլ ի՞նչ լավ հարաբերության մասին կարելի է խոսել:
Բնականաբար, զրուցեցինք նաեւ մերձքոչարյանական շրջանակների հետ: Եւ պետք է նկատել, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի թիմի, այստեղ բավականին կոշտ են տրամադրված Ս.Սարգսյանի հանդեպ: Քոչարյանի մտերիմներից մի քանիսը կարծում են, որ Սերժ Սարգսյանը խախտել է խաղի բոլոր կանոնները, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մինչեւ նախագահ դառնալը: «Սերժ Սարգսյանը լրիվ ուրիշ բան ա անում, շեղվել ու վատ շրջապատում է հայտնվել»,-ասաց Քոչարյանի մերձավորներից մեկը: Իսկ մյուսն էլ, թե «Ս.Սարգսյանը շատ թույլ է, ամեն ինչ խճճել է ու չգիտի` ինչ անի»: Քոչարյանի թիմակիցները եւս կարծում են` չի բացառվում, որ ինչ-որ պահի Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները կրկին ջերմանան, բայց քիչ հավանական են համարում: Նշենք, որ մեր զրուցակիցներին չենք բացահայտում, որպեսզի «էթնիկական բախումներ» չհրահրենք:
Այսպիսով` կարելի է արձանագրել, որ ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սարգսյանի թիմակիցները միմյանց հետ խնդիր ունեն եւ ցանկանում են երբեմնի երկվորյակներին բաժանված տեսնել: Իսկ թե ինչ է մտածում զույգը, ոչ ոք չգիտի: Այսինքն` պարզ չէ` Քոչարյանն ու Սարգսյանը թարսվե՞լ են իրար հետ, թե՞ ոչ: Միայն հայտնի է, որ առաջվա պես նրանք չեն հանդիպում միմյանց: Բայց ո՞վ գիտի` գուցե դա անում են` շրջապատի տրամադրությունները շոշափելու համար:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս