ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՄԱՅՐԸ ՀՈՒԶՎԵԼ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը: Իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը դատավարության ժամանակ հայտարարեց, որ դեպքի նախաքննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են կատարվել:
Դատավոր Սամվել Մարդանյանը դատական նիստի սկզբում մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի` դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Մարտիրոսյանը նիստը նախագահող դատավորին ասաց, որ իրենք 25 օր առաջ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են հայտարարություն հանցագործության մասին: Մարտիրոսյանի խոսքով` դատախազը նպատակահարմար է գտել, որ այդ հայտարարությունը քննության առնի գործը քննող դատարանը: Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրեց հայտարարության բովանդակությունը:
«Երբ մեղադրողին բացարկ հայտնեցի, ես հայտնեցի նաեւ, որ նախաքննության ժամանակ եղել է հանցագործություն: Կան փաստեր, որ Արտակ Նազարյանի դիակը հայտնաբերվել է ոչ թե բարձունքում, այլ խրամատում, որը պաշտոնական հայտարարություն էր: Իսկ թե ինչու եւ ինչպես է հետագայում դիակը հայտնվել բարձունքում, անհասկանալի է. դա մի ռեբուս է, որը չենք կարողանում լուծել,-հայտարարեց Մարտիրոսյանը` նաեւ հավելելով,-գործով քննիչ Պետրոսյանը գնում է դեպքի վայր եւ նշում, որ ժայռի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, սակայն ոչ մի փորձանմուշ չի վերցնում, որպեսզի հասկանալի դառնա` դա իրո՞ք արյուն է, կամ մարդո՞ւ արյուն է, թե՞ կենդանու: Հայտարարությունում նշված են էլի բազմաթիվ խախտումներ, որոնք կատարել է նախաքննական մարմինը»:
Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչը միջնորդեց, որ գործում որպես վկա ներգրավվեն քննիչներ Սարգիս Մադաթյանը եւ Լեւոն Պետրոսյանը:
Դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց տվյալ միջնորդությունը քննարկել  դատավարության մեկ այլ փուլում: Դատարանում ցուցմունք տվեց նաեւ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Նա պատմեց, թե ինչ կիրթ  ընտանիքում է մեծացել Արտակ Նազարյանը, եւ նշեց, որ իր երեք երեխաները, այդ թվում` Արտակը, բարձրագույն կրթություն են ստացել եւ հասարակության համար պիտանի մարդիկ են դարձել: Տիկին Հասմիկը պատմությունն անելիս հուզվեց ու այլեւս չկարողացավ շարունակել իր խոսքը:
Տեսնելով, որ Հասմիկ Հովհաննիսյանը շարունակում է լաց լինել դատարանի դահլիճում, դատական նիստին ներկա բանակում զոհված այլ զինծառայողների մայրեր եւս սկսեցին լաց լինել ու բղավել. «Ով մեր երեխաների վրա ձեռք է բարձրացրել, Աստված նրանց արժանի պատիժ է տալու»: Բանակում մահացած զինվորների ծնողները չէին կարողանում զսպել իրենց զգացմունքները եւ լաց լինելով` բղավում էին, որ մեղավորները պետք է պատասխան տան իրենց զավակների արյան համար: Ստեղծված լարված եւ գերզգացմունքային մթնոլորտի  պատճառով  որոշվեց դատը հետաձգել մինչեւ նոյեմբերի 29-ը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս