«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները նախապատրաստում են Սիրիայի գրոհայիններին աջակցության ընդլայնման ծրագիր` վերջերս երկրում նրանց ակտիվացման պատճառով: Արդյոք ՀՀ-ը ԱԳՆ-ը հանդես կգա՞ հայտարարությամբ` հաշվի առնելով Սիրիայում ապրող մեր հայրենակիցների հանգամանքը:
Տիգրան Բալայանն ասաց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումը սիրական ճգնաժամի առնչությամբ, հետևաբար ինքը չի կարող նոր բան ավելացնել:
Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը օրեր առա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի իր հղած նամակում գրել էր. «… «Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:
Armlur.am-ը զրուցեց նաև քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ` պարզելու` արդյոք ՀՀ-ը պետք է հանդես գա ԱՄՆ-ին ուղղված դատապարտող հայտարարությամբ: «Եթե ԱՄՆ-ի կողմից նմանատիպ ծրագիր իրականացվի, դա արդեն միջամտություն է Սիրիայի ներքին գործերին: Ի դեպ, ԱՄՆ-ը չի էլ թաքցնում, որ կա նմանատիպ միջամտություն: Չեմ կարծում, որ մեր փափուկ արձագանքն ինչ-որ բան կփոխի»,- ասաց պրն Գալստյանը:
Ըստ քաղաքագետի` Հայաստանը պետք է ընդհանրական կոչով հանդես գա և հայտարարի, որ որ մի կերպ չպետք է աջակցել սիրիական հակամարտության ոչ մի կողմին: «Սա կլինի արդար մոտեցում: Ոչ ոք չպետք է միջամտի Սիրիայի ներքին գործերին: Սիրիան պետք էիր ռեսուրսներով կարգավորի իր ներքին գործերը հումանիտար աղետ թույլ չտալու համար»,- եզրափակեց Նարեկ Գալստյանը: