ՀԱՄԱՐԺԵՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունն ամիսներ առաջ Շիրակի մարզի առաջնահերթ հիմնահարցերի լուծման համար 1 միլիարդ 600 միլիոն դրամ գումար է տրամադրել, որը Շիրակի մարզպետարանը որոշել է խնայողությամբ ծախսել:
Գումարների մի մասը հատկացվել է հանրակրթական մի քանի դպրոցներում նորոգման աշխատանքներ իրականացնելուն, բազմաբնակարան մի քանի շենքերի կտուրների հիմնանորոգմանը, իսկ 44 միլիոն դրամով որոշվել է լուծել Առափի գյուղի սողանքային գոտում ապրող 11 ընտանիքների բնակարանային խնդիրը: Յուրաքանչյուր ընտանիքի 2,5-4 միլիոն դրամ կտրամադրվի, որպեսզի կարճ ժամանակում բնակարան գնեն ու տեղափոխվեն սողանքային գոտուց: Սա առափեցիների մեծ զայրույթն է առաջացրել: Ամիսներ շարունակ իրենց բնակարանների արժեքին  համապատասխան փոխհատուցման սպասող գյուղացին  ավելի նպատակահարմար է  համարում  մնալ ու ապրել սողանքի վտանգի տակ, քան թողնել իր տուն ու տեղն ու գնալ առավելագույնը 4 միլիոն դրամով բնակարան փնտրելու: «34 տարի ես խոպան եմ գնացել, տանջվել, փող աշխատել, էս տունն եմ ետ գցել, որ էսօրվա օրը գան, 4 միլիոն տան, ըսեն` ել  հա՞, ես էդ փողով էրթամ, ի՞նչ առնիմ, իրանց լրիվ են ձեռք առել, վրեքս կխնդան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց գյուղի բնակիչ Վոլոդյա Այվազյանը:  
 Գյուղացիները տարիների ընթացքում գումարներ են ներդրել, մեծ տնտեսություն  հիմնել. անասուն են պահում, հողագործությամբ զբաղվում, հետեւաբար 11 ընտանիքներով որոշել են հրաժարվել պետության այդ փոխհատուցումից: Փոխարենը խորհուրդ են տալիս նախատեսած այդ 44 միլիոն դրամով ինչ-որ քայլեր ձեռնարկել սողանքի դեմն առնելու համար. «Ըդկան շատ կմտածեն էս ժողովրդի մասին, թող գան, էդ տոննաներով հողը մաքրեն, տանին, որ մեր տների վրա չգա, կամ էնքան գումար տան, որ մենք հանգիստ խղճով էս մեր էղած-չեղածը տանք իրանց ու էրթանք, թե չէ թող հլը էդ քաղաքաշինության նախարարին տան էդ 4 միլիոնն ու ըսեն` գնա՛, տո՛ւն առ, տեսնիմ կերթա՞»,-վրդովված ասաց  առափեցի Զուբեիդա Պողոսյանը:  
Սակայն Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը համոզված է, որ գյուղացիները կկարողանան Շիրակի մարզում 2,5-4 միլիոն դրամի սահմաններում բնակարան գնել: «Գումարի չափը պատահական չենք որոշել, հարցում ենք կատարել կադաստրի պետական կոմիտե ու համաձայն այդ տվյալների` որոշել այդ թվերը»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Նկատենք, որ սողանքի վտանգի տակ ապրող շատ ընտանիքներ էլ ուղղակի դուրս են թողնվել «փոխհատուցման տրամադրման» ցուցակից: Քաղաքաշինության նախարարությունն ու Շիրակի մարզպետարանը որոշել են, որ սողանքի վտանգն առայժմ սպառնում է 11 ընտանիքների, ուստի դրանք են տեղահանվելու, այնինչ գյուղացիների մի մեծ խումբ պատրաստվում է առաջիկայում դիմել Հայաստանի վարչապետին` պարզելու, թե ինչ սկզբունքներով են ընտրվել 11 ընտանիքները, եւ կամ ինչպես է լուծվելու անմիջապես սողանքի  տակ ապրող մյուս ընտանիքների ճակատագիրը:

ՀԵՐՄԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի




Լրահոս