Արդեն 4 տարի է` գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը:
Հանձնաժողովի կազմում, ովքեր ասես, չկան: Հանձնաժողովը, սակայն, տարբերանշան, կարգախոս և, առհասարակ, առանձնանալու որևէ դետալ չունի:
Ինչևէ, տարբերանշանը չէ, որ պետք է գեղեցկացնի մեր իրականությունը: Սակայն նույն իրականությունը տգեղացնող երևույթները սնկի պես շարունակում են բազմանալ:
Պետբյուջեի հաշվին արտասահմանում խնջույքներ կազմակերպելն ու արքայական կյանքով ապրելը անքննելի և անմեկնաբանելի փաստ է դարձել:
Armlur.am-ի` Բելգիայում գտնվող հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին Բելգիայի Թագավորությունում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մսխում են պետբյուջեի գումարներն ու անունը դնում «Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում»:
Նշենք, որ Բելգիայում են գտնվում նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և ուրիշներ:
Նախևառաջ, Բելգիայում հայ համայնք հասկացություն գոյություն չունի. այնտեղ գործում են ընտանեկան կազմակերպություններ: Այսինքն` եթե Բելգիայում որևէ հասարակական կազմակերպություն գրանցվի և ապագայում ցուցադրի ցանկացած ֆորմատի միջոցառում, միևնույն է, Բելգիայի կառավարությունից սուբսիդավորում են ստանում:
Այսպիսով՝ խնդիրն այն է, որ Բելգիայում կայանալիք միջոցառմանը դեսպանության կողմից հրավիրվածների մեջ է Վահան Հովհաննիսյանը և այլք, և հայ զույգ կին նախարարները զեկույց են կարդալու Վահան Հովհաննիսյանի համար:
Իսկ Սփյուռքի և Մշակույթի նախարարություններն էլ հայտարարում են, թե Ցեղասպանությանը վերաբերող միջոցառում է, որը կազմակերպվում է Սփյուռքում գտնվող հայ համայնքների համար:
Մեր կին նախարարները, պատկառելի գումարներ վերցնելով պետբյուջեից, գոնե էսթետիկական կողմը չեն ապահովել, նորմալ դահլիճ չեն ընտրել «միջոցառումն» անցկացնելու համար:
Առավել հետաքրքիր է այն, որ մեր նախարարները օգտվում են Բելգիայի ամենաթանկանոց հյուրանոցներից, մինչև հիմա բաց չեն թողել ոչ մի խանութ-սրահ և շարունակում են վայելել Բելգիայի Թագավորության արքայական կյանքը աղքատ Հայաստանի գումարներով:
Ի՞նչն է առավել հետաքրքիր. այն, որ միջոցառմանն իրավունք չունի մասնակցել Բելգիահայերից որևէ մեկը, ով հրավիրված չէ: Իսկ հրավիրվածներն արդեն հասկացանք` ովքեր են:
Փաստորեն, միջոցառումը` նախատեսված սփյուռքում գտնվող հայերի համար, ցուցադրվում է մի քանի դաշնակցականների և հանրապետականների համար:
Զեկույցում չի ներգրավվել որևէ գիտական տեսակետ, համալսարաններում դասախոսություններ կամ որևէ լուրջ խոսք:
Մի խոսքով, սպասենք հայ նախարարների վերադարձին հայրենիք և հետևողականորեն հետևենք նրանց հաշվետվությանը, թե ինչի վրա ծախսվեցին պետբյուջեի գումարները:
Տաթև Հարությունյան