Սողանքավտանգ գոտում գտնվող վրաստանյան լեռնային գյուղերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը բավականին դանդաղ եւ անարդյունավետ է ընթանում, քանի որ երկրի այլ հատվածներում նոր բնակարաններ տեղափոխվելու առաջարկ ստացածներից շատերը վերադառնում են իրենց նախկին կացարանները` նոր բնակարանների պայմաններին այդպես էլ չհարմարվելով:
Սողանքներից ամենից շատ տուժած գյուղերն Աջարիայի լեռնային հատվածում են գտնվում` Վրաստանի հարավարեւմտյան շրջանում, որը սահմանակից է Թուրքիային: 1980-ականներից ի վեր անտառահատումների պատճառով առաջացող հաճախակի սողանքներն ավելի քան 400 մարդու կյանք են խլել: Վրաստանի տարածքում սողանքներից վնասված բնակարաններում ապրող ավելի քան 11 հազար բնակիչ է գրանցված:
Վրաստանի կառավարությունը վերջին տարիների ընթացքում կարողացել է վերաբնակեցնել միայն մի քանի տասնյակ ընտանիքների, սակայն տեղափոխման ենթակա թեկնածուների երկար ցուցակը դեռեւս պահպանվում է:
Նոդար Կարցիվաձեն ապրում է Աջարիայի շրջանի Զեմոխեւ գյուղում իր վեց երեխաների եւ տասնվեց թոռների հետ միասին: Նրա տունն այլեւս վերանորոգման ենթակա չէ, բայց նա դժգոհ է այն առաջարկներից, որ ստանում է կառավարությունից:
«Մեր ընտանիքն այնքան բազմանդամ է, որ եթե տեղափոխվենք, ապա մեզ պատշաճ պայմաններ են հարկավոր: Երեխաները պետք է սնվեն: Մենք չենք կարող ցանկացած տեղ գնալ: Մառնեուլ տեղափոխվածների 80 տոկոսը վերադարձել է, նրանք չեն կարողանում հարմարվել իրենց նոր բնակավայրին, կարծում եմ, որ ես նույնպես չեմ կարողանա ապրել այնտեղ: Այնտեղ ջուր չկա, այդ դեպքում ինչպե՞ս ենք հացահատիկ աճեցնելու»,-դժգոհում է նա:
Վրաստանի արեւելքում գտնվող Մառնեուլում է, որ կառավարությունը փորձեց վերաբնակեցնել այն մարդկանց, ում համար լեռնային կյանքն այլեւս անտանելի է: Իշխանությունները Զեմոխեւ գյուղից տասնհինգ ընտանիքների են վերաբնակեցրել, եւս քառասունը տեղափոխվել են սեփական նախաձեռնությամբ: Վրաստանի այս հատվածում գտնվող լեռնային գյուղերի բնակիչներից շատերն ունեն նմանատիպ խնդիրներ. այստեղ ապրող մարդիկ սողանքների մշտական սպառնալիքի տակ են գտնվում:
Երկրաբաններն իրենց հերթին են անհանգստացած լեռնային գոտու բնակիչների վերաբնակեցման դանդաղ առաջընթացով:
«Բացառությամբ վերջին երկու տարիների, ամեն տարի զոհեր են եղել: Այս (սողանքային) գործընթացները մասնավորապես ակտիվացան 1980-ական թվականների վերջին, եւ գրեթե բոլոր գյուղերում կան սողանքների հետեւանքով վնասված բնակարաններ, ճանապարհներ ու գործարաններ: Միայն 1989-ին եւ 1991-ին 5.000 ընտանիք ստիպված էր տեղափոխվել Աջարիայի լեռնային գյուղերից»,-ասում է Վրաստանի երկրաբանական գործակալության տնօրեն Թարիել Թուսկիան:
Թուսկիան, իր խոսքերով, «ժողովրդագրական վերափոխման» կողմնակիցն է:
«Վերափոխում ասելով` նկատի ունեմ բնակչության խտության կրճատում: Բնակիչների քանակը եւ գազաֆիկացման բացակայությունը ծառահատումների պատճառ են դարձել, ինչն էլ սողանքներ է առաջ բերել»,-պարզաբանում է երկրաբանը:
Աջարիայի տարածքային իշխանությունների փախստականների եւ բնակեցման վարչության պետ Բադրի Կոբալաձեն տեղեկացնում է, որ շրջանում այժմ կա վերաբնակեցման ենթակա 4.000 ընտանիք:
Զեմոխեւի հարեւան գյուղերից մեկի` Թխիլվանի գյուղապետ Բադրի Կամաշիձեն ասում է, որ 53 ընտանիք վերաբնակեցվել է, բայց 46-ը վերադարձել են, քանի որ նրանք գերադասում են ապրել սողանքների վտանգի տակ գտնվող քանդված կացարաններում, քան մնալ կառավարության հատկացրած նոր բնակարաններում:
Իլյա Գուչմանիձեն «Բորջգալո» բարեգործական ընկերության նախագահն է, որն աջակցում է բնական աղետներից տուժածներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակարանները: Նա ասում է, որ մարդիկ հավասարապես վախենում են ե՛ւ նոր վայր տեղափոխվելուց, ե՛ւ իրենց վնասված կացարաններում մնալուց ու ռիսկի դիմելուց:
«Ավելի քան 9.000 ընտանիք է տեղափոխվել Աջարիայի լեռնոտ վայրերից Վրաստանի այլ շրջաններ: Ըստ Աջարիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության` տարածաշրջանում 4.144 ընտանիք կա, որոնք գրանցված են սողանքավտանգ գոտում: 2004-2010թթ. ընթացքում ավելի քան 700 ընտանիք է տարհանվել, եւ այս գործընթացը կայուն բնույթ է կրում»,-ասում է Գուչմանիձեն: Նրա խոսքերով` մյուս խնդիրը կարգավորման թերի համակարգի առկայությունն է, որի պատճառով բնական աղետներից տուժածները հատուկ իրավական կարգավիճակ չեն ստացել:
«Դա նշանակում է, որ նրանք ի վիճակի չեն օգտվել իրավական պաշտպանության մեխանիզմներից: Պետությունն այս խնդրի կարգավորման համար որեւէ երկարաժամկետ նախագիծ կամ քաղաքական ռազմավարություն չունի ներկա պահին: Իսկ ռազմավարության բացակայության դեպքում բոլոր միջոցառումները, որ ձեռնարկում է պետությունը, ինքնաբուխ են եւ անմտածված, ինչը նշանակում է, որ գումարն արդյունավետ չի ծախսվում»,-բացատրում է նա:
Այս տարվա պետական բյուջեում, ինչպես նախորդ տարի, ֆինանսական միջոցներ չեն հատկացվում լեռնային գյուղերի բնակիչներին Վրաստանի այլ հատվածներում վերաբնակեցնելու համար:
Միգրացիայի հարցերով վրացական միությունը (Georgian Coalition on Migration), որը մի շարք ՀԿ-ների կողմից այս տարի ստեղծված կառույց է, այժմ աշխատում է պետական հաստատությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ` իրադրությունը բարելավելու համար: Չնայած սողանքավտանգ գոտիների նկատմամբ աճող ուշադրությանը` այս ուղղությամբ դեռեւս առաջխաղացում չի նկատվում:
Աջարիայի Խուլո շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավար ընտրված եւ ներկայում օրենսդրական մարմնի փոխխոսնակ Անզոր Բոլկվաձեն պնդում է, որ իշխանություններն ամեն հնարավորն անում են խնդրի լուծման համար:
«Ես ինքս ներգրավված եմ այս գործընթացում, բայց պետք է գիտակցել, որ այս խնդրի լուծումը լուրջ գումարներ է պահանջում: Ես կարող եմ խոստանալ, որ մենք կդիմենք այն բոլոր քայլերին, որոնք կնպաստեն վերաբնակեցման խնդիրների լուծմանը»,-ասում է նա:
Լաշա Զարգինավա
Կովկասյան լրատու # 617