ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատաշենից ընդամենը 20 կիլոմետր հեռավորությամբ` վրացական հողի վրա  գտնվող Ախքյորփի գյուղի դիմաց գտնվում է հայկական Ջիլիզան: Չնայած ճանապար կա, սակայն 3-4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջիլիզա հասնելու  եւ այնտեղ գտնվող իրենց ազգականներին տեսակցելու համար ախքյորփեցիները շուրջ 100 կիլոմետրանոց մեծ շրջադարձ են կատարում, որովհետեւ վրացիները  շատ խիստ են դրել սահմանի հարցը. անցակետ այստեղից կա, բայց ինչ-ինչ պատճառներով վրացական կողմին ձեռնտու է «շրջադարձի տարբերակը»: Սա գյուղի գլխավոր, կարելի է ասել` քաղաքական խնդիրն է:
Մնացած առումներով 322 ընտանիք ունեցող հայկական այս բնակավայրը  չունի այլ շրջաններից տարբեր կամ խիստ սպեցիֆիկ խնդիրներ. բոլոր բնակավայրերի նման ունի մեծ արտագաղթ, որն արտահայտվում է գյուղի տների մոտ 30 տոկոսի դատարկությամբ:  Երկհարկանի, նորմալ կոմունալ-կենցաղային պայմաններ ունեցող տունն այս գյուղում  արժե 1000 ամերիկյան դոլար: Հեռանում է հիմնականում գյուղի ջահելությունը` աշխատանքի հետեւից, իսկ գյուղում մնացել են ծերերն ու երեխաները: Սակայն զրկանքներն այս գյուղում  փոխհատուցվում են  մաքուր օդով, լավ առողջությամբ եւ երկարակեցությամբ:
Վրացական հողի վրա գտնվող գյուղի ղեկավարությունը «վրացական» է, այսինքն` գյուղապետին ոչ թե ընտրում, այլ նշանակում են Վրաստանի իշխանությունները: Իսկ «վրացական» բառը չակերտված է, քանի որ գյուղը հիմնականում հայաբնակ է: Ախքյորփին ապրում է անտառի հաշվին. միրգ, մոռ, հատապտուղ եւ փայտ, որը այստեղ քնքշորեն կոչում են` «գողանովի», այն հետագայում վաճառվում է թուրքերին, վրացիներին ու հայերին:  Անտառային բարիքները գյուղացիներին դրամական տեսքով չեն տրվում, քանի որ ամբողջ գյուղը նստած է փոխանակման վրա. պանիրը, կարտոֆիլը, մուրաբաները փոխանակվում են այլ` ավելի անհրաժեշտ ապրանքների` այլյուրի կամ շաքարի հետ եւ տեղում իրացվում:
Ախքյորփիի բնակիչները, որ ունեն սահմանին մինչեւ 100 մետր մոտենալու անցաթղթեր, հայկական կողմից անտառը չեն կարողանում կտրել, որովհետեւ Վրաստանի իրավապահների կողմից բռնվելու դեպքում նրանց սպառնում է 6000 լարիի տուգանք եւ քրեական գործ` անկախ նրանից` փայտ կտրելու, թե այլ նպատակով է հատվել սահմանը: Այնպես որ, այստեղ արդեն կատակում են, որ  հայկական կողմն անտառապահի կարիք չունի, քանի որ վրացի սահմանապահները կան: Բայց կա նաեւ դրա հակառակ` բացասական կողմը. օրինակ, եթե հայկական կողմից որեւէ անասուն հատում է սահմանը, վրացի սահմանապահին էլի չի հետաքրքրում` մարդը գնացել է իր անասունի հետեւից, թե ինչ: Այդ պատճառով էլ մշակել են փոխօգնության մեխանիզմ. ձայն են տալիս, հեռաձայնում ու սահմանի երկու կողմերից Հայաստանի հայը քշում է Վրաստանի հայի անասունը եւ հակառակը:

Ա. Դ.




Լրահոս