«Գոյ» թատրոնը դիմել է միջազգային հանրությանը․ ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականը շուտով կավարտվի, այս տարվա ընթացքում շատ իրադարձություններ տեղի ունեցան, այդ թվում՝ բողոքի, իրազեկման ակցիաներ, նստացույցեր։

Բացառություն չէր նաև «Գոյ» թատրոնը, որն ամբողջ տարվա ընթացքում իրականացրեց բողոքի ակցիաներ, նստացույցեր ի պաշտպանություն թատրոնի, քանի որ չեն կարողանում ստեղծագործել իրենց իսկ թատրոնում։

ArmLur.am-ը պարզելու համար, թե ի՞նչ են պատրաստվում անել տարեվերջին «Գոյ» թատրոնի դերասանները, զրուցել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ։։

-Պարո՛ն Արզումանյան, շուտով Ամանոր է։ Ի՞նչ եք պատրաստվում անել թատրոնի անձնակազմով, ինչ-որ բաներ սպասվո՞ւմ են։

-Ներկա պահին ոչ, թողնենք մարդիկ հանգիստ Ամանորը նշեն, չխոչնդոտենք ոչ ոքի Ամանորին, մենք էլ այս ամբողջ ընթացքում պատրաստվում ենք, որ տոներից հետո սկսենք մեր այն փուլը, որի մասին հայտարարել ենք։ Այսինքն՝ հիմա նախապատրաստական գործողություններ, աշխատանքներ ենք անում, որից հետո երևի թե հունվարի երկրորդ կեսից կրկին մեր գործողությունները կսկսենք։

-Այսինքն բողոքի՞, թե՞ իրազեկման ակցիաներն են սկսվում։

-Բողոքի ակցիաներ էլ, ներկայացումներ էլ, ամեն ինչ, որովհետև ամեն բան բազմաֆունկցիոնալ է լինելու նախորդ ակցիաներից և մնացած գործողություններից մի փոքր տարբերվելու է։ Վճռական է լինելու ամեն բան, այսպես ասած՝ փափուկ բան չի լինելու այս անգամ։

-Պարո՛ն Արզումանյան, այս ընթացքում, երբ չկան ձեր բողոքի ակցիաները, նստացույցը, ինչ-որ արձագանքներ ստացե՞լ եք։

-Ո՛չ, լռություն է։

-Իսկ ձեր աջակիցների կողմից ստացե՞լ եք արձագանք։

-Աջակիցների կողմից, բնականաբար, միշտ հետաքրքրություն և պատրաստակամություն կա։ Եթե կհիշեք վերջին շրջանում էլ կամավորների էինք ներգրավում և այդ ամեն ինչը կապ ունի հետևյալ գործողությունների հետ, թե՛ կամավորագրումը, թե՛ ստորագրահավաքը։ Մի խոսքով՝ գործողությունները կան, որոնք նաև կախված են իրենց հետ։ Մեր կամավորները նաև մեր աջակիցներն են։ Բացի այստեղից, արդեն իսկ սփյուռքի հետ էլ կապ ունենք, փորձելու ենք նաև միջազգայնորեն հարցը բարձրացնել։

-Ինչ-որ բան կփոխվի՞ միջազգայնորեն հարցը բարձրացնելով։

-Դե բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործենք։ Հիմա այս կերպ չի լինի, այն կերպով չի լինի․․․բա ո՞ր կերպով կլինի, եթե բոլոր կերպերը բացառենք։ Բոլոր կերպերով պետք է փորձել հնարավոր արդյունքին հասնելու համար գոնե։ Պետք է ամեն բան անենք։

-Իսկ որքա՞ն ստորագրություն է հավաքվել այս ժամանակահատվածում։

-Այս ընթացքում մոտ 250-300-ից ավել։ Ճիշտն ասած այս մեկ շաբաթը զբաղված եմ եղել, չեմ հետևել, չեմ նայել, սակայն վերջին անգամը, երբ նայել եմ մոտ 250-ից ավել է եղել։ Բայց ամեն բան կրկին ռեսթարթ կանենք, որովհետև ինչքան չես ասում՝ մոռանում են և ամեն բան մղվում է երկրորդ պլան, այդ ընթացքում, որ ակտիվ էր այդքան հավաքվեց։ Ստորագրահավաքը համենայն դեպս մեզ պետք է, որը տոներից հետո նորից կակտիվացնենք ու կավելացնենք։

Աննա Սրապիոնյան




Լրահոս