Ի՞նչ նոր ուտեստներ դնել ամանորյա սեղաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ավարտին մնացել են հաշված օրեր, ինչն էլ նշանակում է, որ արդեն իսկ ազդարարվել է ամանորյա ուտեստների պատրաստման «մարաֆոնը»։

Շատ ժամանակ միանմանությունից, անդադար կրկնվող ուտեստներից տնային տնտեսուհիները հոգնում են և ցանկանում այլ նորամուծություններ իրենց խոհանոցում։

ArmLur.am-ը ներկայացնում է այլընտրանքային ուտեստների տարբերակներ՝ ամանորյա սեղանների համար, որոնք կլինեն նորություններ և հետաքրքիր տարբերակներ։

Հետաքրքիր կլինի հին հայկական ավանդական ուտեստների մատուցումը, որը նաև կնպաստի հայկականի պահպանմանը, տարածմանը։

Հին հայկական տներում ամանորյա սեղաններին պարտադիր կերպով պետք է եղել դնել աղանձ։ Հնում հայերը Ամանորին եփել են նաև կճախաշ։ Կճախաշը կճուճի մեջ ողջ գիշեր եփված հատիկեղեններն են՝ լոբին և ձավարը։ Թոնրի մեջ եփել են նաև տոնական հարիսա՝ որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։ Հետաքրքիր տարբերակեր կդիտվեն նշվածները, քանի որ այժմյան ամանորյա ստանդարտ սեղաններից տարբերվում են թե՛ տեսքով, թե՛ հարուստ համային նոտաներով։

Եթե ցանկանում եք ամանորյա սեղաններին մատուցել այլ երկրի ուտեստներ, ապա կարելի է պատրաստել իտալական լենտիչիե, որը ոսպով ուտեստ է՝ համեմված լոլիկի սոուսով։

Իտալացիները հատկապես ամանորյա նախօրեին հաճախ ուտում են ձուկ կամ ծովամթերք և եթե դուք էլ ծովամթերքի կամ ձկնամթերքի սիրահար եք, ապա կարող եք Ամանորին մատուցել օրինակ թառափ, կաղամար կամ ծովախեցգետին։

Հետաքրքիր են նաև եգիպտացիների ամանորյա սեղաններին մատուցվող ուտեստները, քանի որ տարբերվում են իրենց մշակութային և կրոնական առանձնահատկություններով։ Եգիպտացիներն իրենց ամանորյա սեղանին մատուցում են ֆատա, որը մսով ուտեստ է և պատրաստվում է խաշած մսով (շատ հաճախ՝ գառան), բրնձով, տապակած հացով և սխտորից ու քացախից պատրաստված սոուսով։

Քանի որ հայ ժողովուրդը մսակեր ազգ է, ապա հայերին շատ դուր կգա նորվեգացիների ամանորյա ուտեստները։ Նորվեգացիները իրենց ամանորյա սեղանին դնում են ռիբե՝ խոզի կողեր՝ փխրուն կաշիով։ Այն ուտեստը սովորաբար մատուցվում է կարտոֆիլով և թթու կաղամբով։

Փիննեշյոթը ևս հրաշալի տարբերակ է։ Այն իրենից ներկայացնում է չորացրած և թեթև աղով պահված գառան կողիկներ, որոնք եփվում են գոլորշու վրա։ Այս ուտեստը հյուսիսային Նորվեգիայի ավանդական ուտեստներից մեկն է և շատ ժամանակ մատուցվում է շաղգամի պյուրեով։

Այսպիսով կարելի է ամանորյա ճաշացանկում փոփոխոթյուններ կատարել և ավելացնել նորություններ այլ երկրների խոհանցներից, սակայն պետք է հիշել նաև, որ պետք է պահպանել հայկականը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս