Սպասե՞նք նոր Կոմիտասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանում բնակվող երգիչ Գրիգոր Համբարյանը, ով ժամանակին երգել է «Շարական» համույթում, ապա եղել Հանրային ռադիոյի և հեռուստատեսության «Գանձեր» անսամբլի մեներգիչը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  նշեց, որ այսօր հաճախ են հնչում Մուշ և Սասուն տեղանուններով համեմված իբր  հայկական, պապենական երգեր, որոնք, սակայն, իրականում քրդական մոտիվներով են:

Ըստ մեր զրուցակցի՝ կան ազգային երաժշտությունն անարատ ներկայացնողներ (օրինակ`  «Ակունք» համույթը) և կան այն աղավաղողներ: «Թուրքերը մեր երգերն են գողանում, թուրքական դարձնում, մենք էլ թուրքական, ավելի հաճախ քրդական երգեր ենք երգում՝ հայերեն փոխած: Հու-հա-հու-ով չէ, մի քիչ խառնել ենք, իրար կողքի ապրել, իրարից «վարակվել» ենք:

Բայց պետք է մերը, ազգայինը մաքուր պահենք: Սասուն, Մուշ և այլ հատուկ անուններ են երգի մեջ մտցնում ու ասում են՝ հայկական է, մեր պապականն է: Ոչ, դրանք քրդական, թուրքական երգեր են՝ հայերեն թարգմանված կամ մոգոնած բառերով»:

Երաժշտագետները խոսում են այդ ամենի մասին, սակայն նրանց լսող, կարծես թե, չկա:

«Երևի պետք է սպասենք ՝ նոր Կոմիտաս ծնվի, որ թացն ու չորը ջոկի, քրդականը,  թուրքականը առանձնացնի: Նրա գիտական թեզի թեման Գերմանիայում քրդական երգն էր, և նա ասել է, որ նույն երգը կարելի է մի քիչ փոխել, այլ կերպ կատարել, ու շատ բան կփոխվի: Կոմիտասը ՝ որպես իր խոսքերի ապացույց, Փարիզի կոնֆերանսում նույն երգը երկու ձևով երգեց ՝ ապացուցելու, որ կարելի է մաքուր հայկական ձևով երգել, ապա մի քիչ շեղվել, և երգը կդառնա թուրքական կամ քրդական: Բուն հայկական երգերը խաղիկներով, լադը փոխելով, նվնվոցներով կատարելու դեպքում դառնում են քրդական, թուրքական»:

Մեր զրուցակիցը հիմնականում կատարում է ազգային երգեր, որոնց մեջ շատ են պարային ռիթմերը: Նա իրեն պարի մասնագետ չի համարում, բայց համոզված է, որ, օրինակ, «Կարին» համույթը ոչ միայն ճիշտ է պարում, ավելորդ տարրեր չի խառնում, այլև համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը նաև մեկնաբանում է պարերը, փնտրում-գտնում նորերը:

Աբովյանաբնակ երգիչը ներկայումս հանդես է գալիս հիմնականում տոնական միջոցառումներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկներին նվիրված մենահամերգներով ՝ Աբովյանում, երբեմն էլ  Երևանում:

Ռուսլան Թաթոյան




Լրահոս