Փարաքարում ՔՊ-ն գործի է դնում Գյումրու սցենարը. արտահերթ ընտրությունների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինեն։

2025 թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ (համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ):

Իսկ ինչո՞ւ Փարաքարում կրկնվեց Գյումրիի սցենարը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեկտեմբերի 11-ին Փարաքար համայնքի ավագանին նիստ է հրավիրել՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով, սակայն 3 խմբակցությունները՝ ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը, թեկնածու չեն առաջադրել, ավագանին իր կազմից համայնքապետ չի ընտրել։ Օրենքի համաձայն, եթե 14 օրվա ընթացքում ավագանին քաղաքապետ չընտրի, ապա կլուծարվի, եւ նոր ընտրություններ կլինեն՝ ինչպես Գյումրիում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել:

Խոսքը նոյեմբերի 16-ին Երեւանի 17-րդ թաղամասում տեղի ունեցած սպանության մասին է, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել Երեւանի 42-ամյա բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության վայրում էր եղել եւ այս թեմային մասնակից էր նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Արյունոտ այս պատմությունից հետո ՔՊ-ական համայնքապետը հեռացավ պաշտոնից, եւ Փարաքարը մինչ օրս ղեկավար չունի:

Հիշեցնենք, որ Փարաքարում համայնքապետի ընտրության ոդիսականը վաղուց է սկսվել, երբ ՔՊ-ն «զոռբայությամբ» ու ճնշումների միջոցով Փարաքարում խլեց իշխանությունը ու իր թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանին «դարձրեց» քաղաքապետ: Այսպիսով՝ դեռ այս տարվա մայիսի 21-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու եւ խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։

Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, սակայն ՔՊ-ի ճնշումների ներքո ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը ընտրեց ՔՊ թեկնածուին։ Ինչպես «Ապրելու երկիր»-ն էր հայտարարել՝ Երիցյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից, իսկ ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը ընտրվեց համայնքի ղեկավար»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս