100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։
«Քարտերի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը դեկտեմբերի 29-ին հաստատել է նախկին նախագահի մահը։ Քարթերն այդ պաշտոնը զբաղեցրել է 1977-1981 թվականը։
««Քարտերի կենտրոն»-ի հիմնադիր, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կյանքից հեռացավ Փլեյնս քաղաքում (Ջորջիայի նահանգ)»,- ասված է կազմակերպության X-ի էջում։
Ավելի վաղ Քարթերի մահվան մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի որդուն՝ Ջեյմս Քարթերին։
Նա ասել է, որ իր հայրը մահացել է դեկտեմբերի 29-ին Ջորջիայի նահանգում իր տանը, սակայն չի հայտնել մահվան պատճառը: 100-ամյա Քարթերի մահվան մասին նաև հաղորդել է տեղական The Atlanta Journal-Constitution թերթը։ Ինչպես գրում է հրատարակությունը, դեմոկրատ Քարթերը կարողացել է «փոխել նախագահների կյանքի մասին պատկերացումը լիազորությունների ավարտից հետո»։ Նա լքել է Սպիտակ տունը պետության ղեկավարի պաշտոնում ընդամենը մեկ ժամկետից հետո:
Քարթերի օրոք Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը 1979 թվականին ստորագրեցին Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը: Սակայն Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու պատճառով Քարթերը որոշում ընդունեց այդ փաստաթուղթը չներկայացնել Կոնգրեսի Սենատի հավանությանը, արգելեց ԱՄՆ-ից ցորենի մատակարարումները ԽՍՀՄ-ին և կարգադրեց բոյկոտել Մոսկվայի Օլիմպիական խաղերը:
Սպիտակ տնից հեռանալուց հետո Քարթերը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մրցանակը նրան շնորհվել է 2002 թվականին՝ միջազգային հակամարտությունների խաղաղ լուծման և հանուն մարդու իրավունքների պայքարի ջանքերի համար։ Քարթերը բազմաթիվ գրքերի, այդ թվում՝ հուշագրությունների, բանաստեղծությունների ժողովածուի և իր դստեր նկարազարդմամբ մանկական գրքի հեղինակ է։
Նա ուներ 4 երեխա, 11 թոռ և 14 ծոռ։
Նախկին նախագահ Ջիմի Քարթերի հետ հրաժեշտի ընդգրկուն արարողությունը տեղի կունենա ԱՄՆ-ի մայրաքաղաքում։
Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարել է ազգային սգո օր նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ: