Իշխանությունները սեփական նախաձեռնությամբ անցկացվող արարողությունների համար չեն խնայում պետական բյուջեի ոչ մի լումա։
Նախ երկօրյա հեծանվավազքը ամռանը Սևանի շուրջը պետբյուջեի հաշվին արժեցավ գրեթե 15 մլն դրամ, ապա «Մեր ժամանակների հերոսը» միջոցառում-մրցանակաբաշխությունը՝ դեկտեմբերի 28-ին կայացած, անցկացվեց 150 մլն դրամով։
Եվ միլիոնների ցանկն այսքանով չի ավարտվում․ 2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելու է «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը»։
Պայմանագրով նախատեսվում է առնվազն 800 մասնակից՝ աշխարհի մոտ 50 երկրից և առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մոտ 2,4 մլրդ դրամ, կամ մոտ 6,2 մլն դոլար, այս տարի հատկացրեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովն այստեղ՝ ՀՀ-ում անցկացնելու համար, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը։ Հենց այն ժամանակ, երբ Բագրատ Սրբազանի աջակիցները խաղաղ ցույցեր էին կազմակերպում և փակում Երևանի տարբեր փողոցներ։ Միջոցառման համար սկզբում հատկացվել էր 2 մլրդ 219 մլն դրամ, այնուհետև կառավարության նիստում որոշվեց գումարն ավելացնել ևս 179 միլիոնով։
Ստացվում է, որ իշխանությունները միջազգային հանդիպումների համար լումա չեն խնայում, բայց, օրինակ, սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար ընտանիքին հատկացված 16 մլն դրամանոց ծրագիրը կասեցնում են՝ ֆինանսների բացակայության հիմքով»:
Միջոցառումը կազմակերպել է 2018 թվականի հեղափոխությունից հետո սիրելի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊ ընկերությունը։ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումների գործընթացին։ Վերջին տարիներին այս ընկերությանն է վստահվել Հայաստանում կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումների մեծ մասի կազմակերպումը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչև 2021թ․ նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից մինչև հիմա ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, որը զբաղեցնում է նաև ընկերության տնօրենի պաշտոնը։
Էմմա Միքայելյան