ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակել են Արարատի մարզի դատախազի տեղակալի վրա, զենքով հարվածել, նա ընկել է. ինչ է կատարվել Երևանի քաղաքապետարանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծի: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում Վ.Մ.-ն իջնելով մեքենայից հարվածել է Տ.Ա.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո իր մոտ գտնվող զենքով հարվածել է Ռ.Ռ.-ին՝ գլխի հատվածում, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին:

Այնուհետև, Վ.Մ.-ն և Ռ.Մ.-ն խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները դիտավորությամբ շարունակել են ընկած վիճակում ոտքերով հարվածներ հասցնել Ռ.Ռ.-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո Ռ.Մ.-ն կրակել է Ռ.Ռ.-ի ուղղությամբ: Պարեկային ծառայության աշխատակիցների ժամանումից հետո խումբը դիմել է փախուստի:

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Ռ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):

Վ.Մ.-ի և Ռ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2024 թվականի դեկտեմբերի 25-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Սակայն ArmLur.am-ը նկատեց, որ Քննչական կոմիտեն չի մանրամասնել, թե որ գործի մասին է խոսքը։

ArmLur.am-ն ավելի վաղ աղմկահարույց բացահայտում էր արել այս գործով։

«Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի մոտ ծեծկռտւք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։

Armlur.am-ի տեղեկություներով՝ կրակոցների գործով անցնում է Արարատի մարզի դատախազի տեղեկալ Ռեմ Ռշտունի:

Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից․

Shamshyan.com-ը սեպտեմբերի 15-ին Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել էր վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ, Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինիս ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Եվ ահա այս դեպքից 2 ամիս անց՝ գործով ուշագրավ իրավիճակ է:

Armlur.am-ի ձեռքում է հայտնվել նամակ, որտեղ գործով անցնող անձանցից մեկը՝ Վ.Մադաթյանը հայտնել է․

«Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում հանցավոր անձանց խումբը, ինչպես հետո պարզվել է դատախազ Ռ.Ռշտունու մասնակցությամբ փորձել է ինձ իրենց ավտոմեքենայով առևանգել, ապա նաև ենթարկվել եմ ծեծի և ստացել եմ մարմնական վնասվածքներ։

Ինձ առևանգելը և ծեծելը կանխել է եղբորս որդին՝ Ռուբեն Մադաթյանը, ով, այդ մասին իմանալով, շտապ հասել է դեպքի վայր, որից հետո հանցագործները դիմել են փախուստի։

Այդ դեպքից շուրջ 15-20 րոպե անց նշված միջադեպի մասնակից նույն անձինք ավելի մեծ խմբով իմ բնակության վայրում դարանակալել են ինձ և վրեժի շարժառիթով հրազենից մի քանի անգամ կրակել ենանմիջականորեն իմ ուղղությամբ՝ ցանկանալով ինձ կյանքից զրկել։ Ողջ եմ մնացել միայն այն պատճառով, որ կրակոցներից երկուսի դեպքում զենքը խափանվել է (ասեչկա) և միայն կրակոցներից երկուսն են դիպել են ինձ, ազդրիս շրջանում ստացել եմ հրազենային միջանցիկ և մեկ կույր վիրավորում։ Դրանից հետո վիրահատվել եմ և բուժում եմ ստացել «Նաիրի» ԲԿ-ում։

Պարզել եմ, որ իմ վրա կրակած ոմն Ռեմը հանդիսանում Ռեմ Ռշտունի անունով դատախազության աշխատակիցը, Արարատի մարզի դատախազի տեղակալն է։
Համոզմունք ունեմ, որ քննչական մարմինը հակված է գործի օբյեկտիվ քննություն կատարել, սակայն վերը նշված հանգամանքով պայմանավորված դատախազությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում գործի բացահայտման համար։

Նշված զարգացումները ինձ հասկանալի են, քանի որ իմ վրա կրակած անձը դատախազության աշխատակից է։ Քրեական գործի նկատմամբ տևական ժամանակ՛ հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի դատախազությունը: Երևան քաղաքի դատախազ Ռ.Մանուկյանը հանդիսանում է Ռեմ Ռշտունու մտերիմ ընկերը, վերջիններս նաև տևական ժամանակ միասին աշխատել են Արարատի մարզի դատախազությունում: Ստացվում է, որ դատախազը հսկողություն է իրականացրել ընկերոջ գործի նկատմամբ։

Դրանով պայմանավորած՝ իմ վրա հրազենով կրակած անձն ազատության մեջ է, նրա նկատմամբ որևէ մեղադրանք և խափանման միջոց չկա, դեպքի բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ տաք հետքերով քննություն չկատարելը կասկածի տակ է դրել դեպքի բացահայտումն առհասարակ։

Հանձնարարել պարզելու՝ ինչու պատշաճ ընթացք չի տրվել իմ նախկին դիմումներին, ինչու է մինչև օրս դատախազի կողմից սպանության փորձ կատարելու գործը քննվում այդ սպանության փորձը կատարող անձի ընկերների դատախազական հսկողության պայմաններում»։

Armlur.am-ը քաղաքացու բողոքի հիման վրա դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղի ի պատասխան՝ վստահեցրեցին՝ Քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:22-ին, Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ, լսվել են կրակոցի նմանվող ձայներ, որից հետո նկատել են մի քանի ավտոմեքենաներ, որից մեկի վարորդը վազելով դիմել է փախուստի: Քաղաքացիներից մեկի գլխին եղել են արյան հետքեր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ դատախազ Ռեմ Ռշտունին ստացել է բաց գանգուղեղային վնասվածք, ձախից քունքոսկրի բազմաբեկոր ներհրված կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ և սուբարախնոիդալ արյունազեղումների ձևով: Ռեմ Ռշտունին ճանաչվել է տուժող, իսկ 5 անձանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով:

Քաղաքացու բողոքին ի պատասխան՝ դատախազությունը իրավիճակի հակառակն պատկերն է ներկայացնում, իսկ Armlur.am-ը կհետևի գործի ընթացքին»:

Ուշագրավն այն է, որ այս միջադեպի գործով դատախազը ջրից չոր է դուրս եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս