Ամփոփելով 2024 թվականը ArmLur.am-ը ներկայացնում է մի քանի փաստական տվյալներ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված անձանց վերապերյալ։
Արցախում շարունակվող լարված իրավիճակն ու 2020 թվականի պատերազմի հետևանքները հանգեցրեցին հազարավոր մարդկանց տեղահանման։ Արցախցիները հիմնականում ստիպված եղան լքել իրենց տները, անգամ երկիրը։
Արցախի տեղահանումից հետո թվերը, թե քանի անձ է տեղահանվել, մինչ օրս էլ տատանվում են և հստակ չեն։ Արցախցիների մի մասն, ըստ տեղացիների, անգամ չեն էլ հաշվառվել և հենց առաջին իսկ օրը լքել են Հայաստանը։
ArmLur.am-ը հարցումով դիմել է Ազգային Անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետևյալ հարցերով.
1. Քանի անձ է բռնի տեղահանվել Արցախից։
2. Բռնի տեղահանվածներից քանիսն են լքել Հայաստանը անվերադարձ։
3. Բռնի տեղահանվածներից քանիսն են այժմ Հայաստանում։
Ի պատասխան՝ ստացանք հետևյալ պատասխանը.
«Համաձայն ՀՀ միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել և ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ի պատասխանում։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս մասին հայտնել էր ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։
Այսինքն, ԼՂ-ից տեղահանվածների փախստականի կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով։
«Նշվում է, որ փաստաթղթավորման գործընթացը դյուրացվել է․ «ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Մինչդեռ ՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր։ Ըստ այդմ, հորդորում ենք առաջիկա ամիսներին ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու պարագայում անմիջապես զբաղվել վերոնշյալ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ, քանի որ տարեվերջին, ըստ էության, դիմումների թիվը մեծ կլինի, և հնարավոր են կուտակումներ»։
Էմմա Միքայելյան