ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը դեռ որոշում չունի, սպասում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի՝ WADA-ի պատասխանին։
ArmLur.am-ի հետ զրույցում Կարեն Գիլոյանը նշեց, որ վերջնական պատասխան կհայտարարի հաջորդ տարի՝ հունվարի 3-ին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի փոխնախարար Կարեն Գիլոյանը դիմում է գրել և ազատվելու է աշխատանքից։
Ըստ տեղեկության՝ Կարեն Գիլոյանը հրաժեշտ էր տվել ընկերներին և կոլեգաներին, քանի որ հունվարի 1-ից այլևս չի զբաղեցնի նախարարի պաշտոնը։
ArmLur.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը դեռ դեկտեմբերի 26-ին չէր հերքել այս տեղեկությունը՝ նշելով, որ դեկտեմբերի 30-ին կկայացնի վերջնական որոշում և դիմում կներկայացնի Կառավարությանը։
«Այս պահին չեմ կարող ասել, բայց, իհարկե, ես նման ծրագրեր ունեմ։ Ինչպես գիտեք, ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր Կարեն Գիլոյանը։
Հարցին, թե հունվարի 1-ին Գիլոյանը կլքի պաշտոնը՝ պատասխանեց. «Հնարավոր է»։ Հարցին, թե արդեն դիմում ներկայացրել է՝ Գիլոյանը պատասխանեց, որ նման ծրագրեր ունի։
«Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի հետ բանակցությունների մեջ եմ, ինչ-որ որոշում կայացնելուց հետո կդիմեմ հեռանալու համար»,- ասել էր Գիլոյանը։
Էմմա Միքայելյան