Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ․
«Սիրելի՛ բարեպաշտ եւ հավատավոր զավակներ.
Տարեմտի այս օրը մենք կրկին կանգնած ենք ժամանակի ու պատմության ճամփաբաժանին՝ հետեւում թողնելով 2024-ը եւ զգուշությամբ, աչալրջությամբ մեր հայացքն ուղղելով փրկչական նոր՝ 2025 թվականը:
Դարձյալ նոր տարի ենք մուտք գործում՝ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով ու ավետիսով: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ հայոց բոլոր, նաեւ Շիրակ աշխարհի եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու առ Աստված, որ 2025-ը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լի տարի եւ աշխարհը մոտեցնի խաղաղության ու մարդկանց բարօրության այն օրհնյալ օրվան, երբ այլեւս չեն լսվի որդեկորույս մայրերի ողբ, վիրավոր մանկան ճիչ ու պատերազմի որոտ:
Այո՛, ծանր էր հայոց համար անցնող տարին, սակայն, Ամենակալ Տիրոջ կամքով, մեր հավատավոր զավակներին հույսի, վերընձյուղման նոր շողեր ընծայեց տարեվերջը՝ երկու նշանավոր ու անմոռաց իրադարձությամբ: Նախ հայ քրիստոնյայի առջեւ, երկար ընդմիջունից հետո, իր օրհնյալ դռները բացեց համայն հայության հոգեւոր օրրանը՝ Մայր Տաճարը, կրկին միմյանց ու Հայրենիքին կամրջելով բյուր-բյուրավոր սրտեր, ապա նաեւ Գյումրու եւ գյումրեցու մշտանորոգ աղոթքը հնչեց նորոգ վերաօծյալ Ս. Ամենափրկիչ եկեղեցու կամարների ներքո՝ ահեղ երկրաշարժից 36 տարի անց:
Սիրելինե՛ր, ցավոք հայ ժողովրդի առջեւ դեռ ծառացած են մնում երկրի խաղաղության, արդար իրավունքների պաշտպանության, պետականության ամրապնդման, ազգային ու հոգեւոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները: Առաքյալի խոսքերով ասած՝ «մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ, մեծապես հպարտ եմ ձեզնով…» (Բ Կորնթ. Է 4), քանի որ հավատավոր գյումրեցին անվեհեր դիմակայում է դժվարությունները, նեղությունները՝ վճռականությամբ ընտրելով առաջընթացի ուղին:
Ամանորն առավել տոնական տեսք կառնի Աստվածորդու՝ մեր հոգիները զորացնող Սուրբ Ծննդյան ավետիսով, հրեշտակների՝ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությամբ: Երկնաձայն հենց այս մաղթանքով էլ կսկսվի գալիք տարին, որ մեզ համար սկիզբն է հույսի, արարման, հաղթանակի ու խաղաղության:
Լուսաշող գալիքի ակնկալությամբ՝ մեր աղոթքն առաքենք առ Աստված՝ հայցելով, որ 2025 թվականը համայն մարդկությանն ընծայի խաղաղություն, վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինում, նաեւ նորանոր ձեռքբերումներ մեր ժողովրդին: Դիմավորենք Ամանորը լավատեսությամբ, մեր իղձերն ու նվիրական երազանքներն իրագործելու հավատով:
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Օրհնությամբ՝
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ»։