ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելիս պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին ասվում է ՆԳ տարածած հաղորդագրության մեջ:

Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․

1) իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար.

2) անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք, բացի լիցենզիա ստանալուց, պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն.

3) հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն՝ հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ կողմից համապատասխան թույլտվությունը։

ՆԳ նախարարությունը հրավառություն իրականացնող կազմակերպություններին հորդորում է ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ, հրավառություն իրականացնելու համար, ձեռք բերել նաև թույլտվություն։

ՆԳ-ն տեղեկացնում է, որ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչև հրավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն։




Լրահոս