2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր․ Սուրեն Պապիկյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ:

Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։

Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։
Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:

Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն:

Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների հետ:
2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։
Ընթացիկ տարում զարգացել և ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար:

Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի:
Փա՛ռք Նահատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության բանակը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ամանորյա ուղերձում:




Լրահոս