Իրավապահները մտել են Լոռու մարզ. 22-ամյա տղայի են փնտրում, Արջուտի գյուղապետի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները այս պահին ողջ Լոռու մարզում խուզարկություն են սկսել, փնտրում են Արջուտի գյուղապետին դանակահարողին, որը, ըստ նախնական տեղեկությունների, Արջուտ համայնքից է ու 22-ամյա երիտասարդ է։

Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին համայնքում տուն առ տուն խուզարկություններ են սկսվել, իսկ ահա համայնքի ղեկավարի վիճակը ծանր է՝ տեղափոխում են Երևան։

Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 1-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանը:

Դեպքի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Դ. Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։

Քնար Մանուկյան




Լրահոս