«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2024 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ շահագործման է հանձնվել 38 դպրոց և 16 մարզադահլիճ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 119 մանկապարտեզներում և 76 նախակրթարաններում:
«Արմենպրես»-ի հետ թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ ծրագրի շրջանակում ևս 220 դպրոցում աշխատանքներն ընթացքի մեջ են. 35-ը շինարարության փուլում են, 136-ի համար կնքված են պայմանագրեր, իսկ 14-ը գնման գործընթացում են: Միաժամանակ, վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: Ծրագրի շահառու են շուրջ 107 089 սովորող կամ հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 25.1%-ը:
«Գույքով ապահովվել են 37 դպրոց և 29 մարզադահլիճ։ 2024 թվականին 541 դպրոց հագեցվել է կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով՝ նախորդ տարվա նկատմամբ գրանցելով հաստատությունների թվի կրկնակի աճ. 2021-2024 թվականներին լաբորատորիաներով հագեցված դպրոցների ընդհանուր թիվը 648 է: Ներկայումս հանրապետության դպրոցների շուրջ 48%-ն ունի ամբողջությամբ հագեցված լաբորատորիաներ»,- հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից:
Անդրադառնալով ծրագրի՝ մանկապարտեզներին առնչվող հատվածին՝ գերատեսչությունից հայտնեցին, որ 195 մանկապարտեզում շինարարական աշխատանքներն ավարտվել են (119 մանկապարտեզ, 76 նախակրթարան), 136-ում՝ ընթացքի մեջ են, իսկ 64 հաստատությունում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում.
«Արդեն ավարտված նախադպրոցական հաստատություններից 125-ը գտնվում են գյուղական, 70-ը՝ քաղաքային բնակավայրերում։ Ծրագրի ավարտին բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա 3-5 տարեկան շուրջ 33 200 երեխա»:
Նախարարությունից հայտնեցին, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացը շարունակվում է, մանկապարտեզ է հաճախում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1836 երեխա (նախորդ տարվա նկատմամբ 46%-ով ավելի), որոնց նախադպրոցական կրթությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:
«Պետական բյուջեից ֆինանսավորվում է նաև զինծառայողների երեխաների կրթությունը, որի շրջանակում շուրջ 4 800 երեխա ստանում է անվճար նախադպրոցական կրթություն»,- եզրափակեցին ԿԳՄՍՆ-ից: