Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2025 թվականի հունվարի 1–ից այլևս չի գործում Երևանում, սակայն այն շարունակվում է մարզերում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
«2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսագումարների մասով վերադարձվող եկամտային հարկի վերադարձն այլևս չի գործելու Երևանում, սակայն այն շարունակելու է գործել Հայաստանի մարզերում: 2027 թվականից այլևս չի գործի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում: 2029 թվականից եկամտային հարկի վերադարձի համակարգը կդադարի գործեր ՀՀ բոլոր մարզերում»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, որ բացառություն կկազմեն միայն սահմանամերձ բնակավայրերը, որի ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Մեկտեղ նշվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2025 թվականի հունվարից հետո Երևանում ձեռք կբերեն բնակարան, որի շինթույլտվությունը կառուցապատողը ստացել է մինչև 2022 թ հունվարի 1-ը, կարող են օգտվել հիփոթեքային վարկի տոկոսագումարների մասով եկամտային հարկի վերադարձից:
2025 թվականից եռամսյակային կտրվածքով եկամտային հարկը վերադարձվելու է ոչ ավելի, քան 750 հազար դրամի չափով, նախկինում այդ գումարը կազմում էր 1 մլն 500 հազար դրամ: Այս կարգավորումը կիրառելի է բացառապես 2025 թվականից ստացված վարկերի մասով: