Մեղքը ՌԴ ներկայացուցիչների վրա է. Ալիևը պահանջում է պատժել Ադրբեջանի ինքնաթիռի կործանման մեղավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Azerbaijan Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման մեղքը ՌԴ ներկայացուցիչների վրա է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ավիավթարից զոհված անձնակազմի ընտանիքների անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ:

«Վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է։ Եվ մենք պահանջում ենք արդարություն։ Մենք պահանջում ենք պատժել մեղավորներին, մենք պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- ընդգծել է Ալիևը։

Նա տեղեկացրել է, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը։

«Վստահ եմ, որ առաջիկայում կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կլինի։ Եվ դա, բնականաբար, կարևոր պահ կլինի այդ ողբերգության լիարժեք հետաքննության և մեղավորներին պատժելու գործում»,- եզրափակել է Ալիևը։

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի հարվածի հետևանքով։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ներողություն է խնդրել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։




Լրահոս