Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքին››։

Իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։

«Մեր և Թուրքիայի ջանքերը եղել են, նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկու երկրների համար համար կարևոր է երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, փորձել ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար, շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա համապատասխան կառույցների և պահառության մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ՝ հարցը մոտիկից քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի» -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էսմայիլ Բաղային։

Այդուհանդերձ, այս հայտարարությունն ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել և ներկայացրել, իբր թե խոսքը այսպես կոչված ‹‹Զանգեզուրի միջանցքի›› մասին է։

Նույն ճեպազրույցի ընթացքում իրանցի դիվանագետն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, վերահաստատել է այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը:

‹‹Իրանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության աճը, սակայն ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն››,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:




Լրահոս