Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ Գևորգյան ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր ձեռք բերել աղբահանության ծառայություններ Ալավերդի համայնքի Շնող և Քարկոփ բնակավայրերի համար։ Գրում է Հետքը:
Արտակ Գևորգյանն Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Պայմանագիրը կնքվել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
Համաձայն պայմանագրում առկա տեխնիկական բնութագրի՝ Արտակ Գևորգյանը պետք է Շնող և Քարկոփ բնակավայրերում տեղադրեր 50 աղբարկղ՝ 43-ը Շնողում, 7-ը՝ Քարկոփում։ Մեկ տարի շարունակ շաբաթական չորս անգամ պետք է իրականացվեր աղբահանություն։
Մենք գրավոր դիմեցինք Ալավերդու համայնքապետարան հականալու համար՝ ինչու է աղբահանության ծառայությունների պայմանագիրը կնքվել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Համայնքապետարանից պատասխանել են. «Քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին լրանալու էր Ալավերդի համայնքի երկու բնակավայրերում աղբահանության ծառայության մատուցման պայմանագրի ժամկետը, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Ալավերդու համայնքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարվել է «Հրատապության հիմքով մեկ անձից գնման ձեւ» տեսակի մրցույթ, որը հրապարակվել է Armeps.am էլեկտրոնային համակարգով։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 1 մասնակից»։
Հարց է առաջանում՝ արդյոք համայնքապետարանում չեն իմացել, որ պայմանագիրը լրանալու է դեկտեմբերի 30-ին։ Եվ արդյոք հնարավոր չէր նախապես մրցույթ հայտարարել՝ ապահովելով մրցույթի մասնակիցների ներառականությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: